21:49  +04,  23 նոյեմբերի, 2017

Նարեկ Աբգարյան. Հաղթանակը մոտիվացնում է եւ ճանապարհ հարթում դեպի երազանքը

Պրոֆեսիոնալում բռնցքամարտում ամեն ինչն է ինձ համար տպավորիչ. գուցե նոր աշխարհ է, այդ պատճառով... Յուրաքանչյուր հաղթանակ ավելի մեծ ոգեւորություն է եւ ուժ: Արդեն ունեմ 6 հաղթանակ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի 7-րդ մենամարտն էլ հաղթանակով ավարտեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բազմակի չեմպիոն, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը, որն այժմ ուժերն է փորձում պրոֆեսիոնալ ռինգում:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո: Հանդես է գալիս մոսկովյան PUNCH boxing promotion ակումբում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ (6 հաղթանակ, 5 նոկաուտ):

Նոյեմբերի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում կանցկացնի 7-րդ մենամարտը: Մրցակիցը Էկվադորի ներկայացուցիչ Ջեֆերսոն Վարգասն է: Նախորդ մենամարտում, որը կայացել էր հոկտեմբերի 1-ին Մոսկվայում,  Նարեկ Աբգարյանը տեխնիկական նոկաուտով հաղթել էր ուկրաինացի մրցակցին:

Նարեկ, պրոֆեսիոնալ ռինգում պատրաստվում ես հանդես գալ 7-րդ անգամ: Նախքան վաղվա մենամարտիդ անդրադառնալը, ամփոփիր նախորդ մենամարտդ:

Մոսկվայում կայացած մենամարտում մրցակիցս ուժեղ էր. ուներ 3 հաղթանակ, 1 պարտություն եւ 1 ոչ-ոքի: Նախ նշեմ, որ մրցակիս եկել էր մենամարտի 2 կգ ավել քաշով: Իսկ բռնցքամարտում թեթեւ քաշում 2 կգ արդեն լուրջ տարբերություն է եւ ուրիշ քաշային կարգ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում էլ, քանի որ շոուն կազմակերպվել էր, այն չի կարող տեղի չունենալ: Ինձ առաջարկեցին հրաժարվել մենամարտից, ես չհամաձայնեցի, քանի որ լուրջ մարզումներ էի անցել, լիարժեք պատրաստ էի մենամարտին: Մենամարտն ընդհատվեց 6-րդ ռաունդում, բայց առաջին ռաունդից մինչեւ 6-րդ ռաունդը շատ ուժեղ ծեծել եմ ուկրաինացուն: 4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեցի:

Ինչո՞ւ մինչեւ 6-րդ ռաունդ ձգվեց այդ դեպքում:

Մրցակցիս մարտավկաները կարող էին հենց առաջին ռաունդից կանգնեցնել մենամարտը: Բայց սպասում էին: Նրանց համբերությունը հատեց 6-րդ ռաունդի սկզբում: Երեւի հենց այդ պահին հասկացան, որ ինձ հաղթելու որեւէ հնարավորություն չունի ուկրաինացին: Տեսնելով, որ իրենց մարզիկն անիմաստ ծեծ է ուտում, անիմաստ գլխին հարվածներ է ստանում, չէին կանգեցնում: Գուցե հրաշքի էին սպասում:

Նախորդ մենամարտումս ոչ մի հարված բաց չեմ թողել, որեւէ վնասվածք չստացա, բայց մրցակցիս քիթը վնասվել էր: Ինձ զգում էի՝ ինչպես ձուկը ջրում:

Իսկ մրցակիցդ մենամարտից հետո մոտեցա՞վ, շնորհավորե՞ց, ընդունե՞ց իր պարտությունը:

Միանշանակ: Չընդունելու տարբերակ չուներ: Ես ռաունդ առ ռաունդ ճնշումը մեծացնում էին: Նրան հարվածելու հնարավություն չէի տալիս: Մեկ հանգիստ էի մենամարտում, մեկ էլ՝ պայթուցիկ՝ հարվածաշարերով անակնկալի բերում: Անհամեստ չթվա, բայց այդ երեկո իմ եւ իմ ընկերների մենամարտներն ամենադիտարժանն էին: Չեմ ասում, թե թույլ էին մեր մրցակիցները, բայց մենք էինք ուժեղ: Իմ մրակիցը երեւի ուրախ էր, որ մենամարտը կանգնեցրին, որովհետեւ դեմքի վրա նորմալ տեղ չկար, ամբողջությամբ կապտուկներով էր:

Հաջորդ մենամարտդ վաղն է: Մենամարտից մենամարտ ժամանակահատվածը շատ կարճ է: Այս ընթացքում ինչպե՞ս ես կարողանում վերականգնվել:

Չեմ համարում, որ մոսկովյան մենամարտից հետո մեծ ծանրաբեռնվածություն ունեի, քանի որ ծանր պայքար չտարա: Եթե ծանր մենամարտ ունեցած լինեի, ձեռքերս վնասած լինեի կամ հոնքերս պատռված լինեին, ինչը լուրջ պրոցես է վերականգվելու, փակվելու համար, գուցե այս 1.5 ամիսը դժվար լիներ նախապատրաստվելու համար: Մոսկվայի մենամարտը համարում եմ թեթեւ: Նույնը եւ ընկերներիս համար՝ Արամ Ավագյանի եւ Գոռ Երիցյանի համար: Հեշտ ստացվեց Իսպանիայի մենամարտին պատրաստվելը:

Շատ լուրջ եւ լիովին այլ մակարդակի բռնցքամարտիկների հետ ենք մենամարտելու: Ամեն մենամարտից հետո ավելի լուրջ մրցակից է լինում եւ ավելի ուժեղ: Բայց գալիս է մի շրջան, երբ արդեն պայքար ես սկսում գոտու համար, քո բոլոր մրցակիցներն էլ մի մակարդակի են լինում:

Յուրաքանչյուր հաղթանակից հետո ի՞նչ նոր զգացողություն ես ունենում:

Ամեն հաղթանակ առաջ շարժվելու ավելի մեծ ոգեւորություն եւ ուժ է տալիս: Երբ Մոսկվայում տարած հաղթանակիցս հետո ինձ ասացին՝ նախապատրաստվել նոյեմբերի 24-ին Իսպանիայում կայանալիք մենամարտին, ուրախացա, ոգեւորվեցի: Երբ հաղթում ես, քեզ ավելի հեշտ է նորից ուժ հավաքել, նորից մարզվել, հաղթանակը մոտիվացնում է եւ ճանապարհ հարթում դեպի քո երազանքը. իմ պարագայում՝ աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու երազանքը: Պարտությունից հետո ավելի դժվար է նորից սկսելը, զրոյից սկսելը:

Եթե պարտվել ես մրցավարների թեթեւ ձեռքով, այդ ժամանակ պարտությունը քեզ ուժ է տալիս, ապացուցելու եւ մրցավարներին հաղթելու ձգտումդ ավելի է մեծանում: Այդ ժամանակ, կարծես, ինչ-որ մեկը միջիցդ գոռա, թե բոլորին պետք է ապացուցես, որ այդ պարտությունը սխալ էր եւ հաղթանակը քոնն էր:  Բայց երբ իսկապես պարտվում ես՝ զգալով քո պարտությունը, այդ ժամանակ քեզ պատում է թույլ լինելու զգացումը եւ նորից սկսում ես զրոյից:

Սիրողականում ունեցածդ հաղթանակներն ու պրոֆեսիոնալում տարածները որքա՞ն են տարբեր քեզ համար:

Ես սիրողական ռինգերում շատ տպավորիչ հաղթանակներ չեմ ունեցել: Մի քանիսն են այդպիսին եղել: 8 տարեկանից բռնցքամարտում եմ, բայց շատ չեն եղել այնպիսի պահեր, որ տպավորվեն հիշողությանս մեջ: Պրոֆեսիոնալում ամեն ինչն է ինձ համար տպավորիչ. գուցե նոր աշխարհ է, այդ պատճառով, բայց ինձ դուր է գալիս այս նոր աշխարհը, ես ինձ լավ եմ զգում այս աշխարհում:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ