21:49 23 նոյեմբերի, 2017Պրոֆեսիոնալում բռնցքամարտում ամեն ինչն է ինձ համար տպավորիչ. գուցե նոր աշխարհ է, այդ պատճառով... Յուրաքանչյուր հաղթանակ ավելի մեծ ոգեւորություն է եւ ուժ: Արդեն ունեմ 6 հաղթանակ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի 7-րդ մենամարտն էլ հաղթանակով ավարտեմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բազմակի չեմպիոն, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը, որն այժմ ուժերն է փորձում պրոֆեսիոնալ ռինգում:
Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո: Հանդես է գալիս մոսկովյան PUNCH boxing promotion ակումբում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ (6 հաղթանակ, 5 նոկաուտ):
Նոյեմբերի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում կանցկացնի 7-րդ մենամարտը: Մրցակիցը Էկվադորի ներկայացուցիչ Ջեֆերսոն Վարգասն է: Նախորդ մենամարտում, որը կայացել էր հոկտեմբերի 1-ին Մոսկվայում, Նարեկ Աբգարյանը տեխնիկական նոկաուտով հաղթել էր ուկրաինացի մրցակցին:
Նարեկ, պրոֆեսիոնալ ռինգում պատրաստվում ես հանդես գալ 7-րդ անգամ: Նախքան վաղվա մենամարտիդ անդրադառնալը, ամփոփիր նախորդ մենամարտդ:
Մոսկվայում կայացած մենամարտում մրցակիցս ուժեղ էր. ուներ 3 հաղթանակ, 1 պարտություն եւ 1 ոչ-ոքի: Նախ նշեմ, որ մրցակիս եկել էր մենամարտի 2 կգ ավել քաշով: Իսկ բռնցքամարտում թեթեւ քաշում 2 կգ արդեն լուրջ տարբերություն է եւ ուրիշ քաշային կարգ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում էլ, քանի որ շոուն կազմակերպվել էր, այն չի կարող տեղի չունենալ: Ինձ առաջարկեցին հրաժարվել մենամարտից, ես չհամաձայնեցի, քանի որ լուրջ մարզումներ էի անցել, լիարժեք պատրաստ էի մենամարտին: Մենամարտն ընդհատվեց 6-րդ ռաունդում, բայց առաջին ռաունդից մինչեւ 6-րդ ռաունդը շատ ուժեղ ծեծել եմ ուկրաինացուն: 4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեցի:
Ինչո՞ւ մինչեւ 6-րդ ռաունդ ձգվեց այդ դեպքում:
Մրցակցիս մարտավկաները կարող էին հենց առաջին ռաունդից կանգնեցնել մենամարտը: Բայց սպասում էին: Նրանց համբերությունը հատեց 6-րդ ռաունդի սկզբում: Երեւի հենց այդ պահին հասկացան, որ ինձ հաղթելու որեւէ հնարավորություն չունի ուկրաինացին: Տեսնելով, որ իրենց մարզիկն անիմաստ ծեծ է ուտում, անիմաստ գլխին հարվածներ է ստանում, չէին կանգեցնում: Գուցե հրաշքի էին սպասում:
Նախորդ մենամարտումս ոչ մի հարված բաց չեմ թողել, որեւէ վնասվածք չստացա, բայց մրցակցիս քիթը վնասվել էր: Ինձ զգում էի՝ ինչպես ձուկը ջրում:
Իսկ մրցակիցդ մենամարտից հետո մոտեցա՞վ, շնորհավորե՞ց, ընդունե՞ց իր պարտությունը:
Միանշանակ: Չընդունելու տարբերակ չուներ: Ես ռաունդ առ ռաունդ ճնշումը մեծացնում էին: Նրան հարվածելու հնարավություն չէի տալիս: Մեկ հանգիստ էի մենամարտում, մեկ էլ՝ պայթուցիկ՝ հարվածաշարերով անակնկալի բերում: Անհամեստ չթվա, բայց այդ երեկո իմ եւ իմ ընկերների մենամարտներն ամենադիտարժանն էին: Չեմ ասում, թե թույլ էին մեր մրցակիցները, բայց մենք էինք ուժեղ: Իմ մրակիցը երեւի ուրախ էր, որ մենամարտը կանգնեցրին, որովհետեւ դեմքի վրա նորմալ տեղ չկար, ամբողջությամբ կապտուկներով էր:
Հաջորդ մենամարտդ վաղն է: Մենամարտից մենամարտ ժամանակահատվածը շատ կարճ է: Այս ընթացքում ինչպե՞ս ես կարողանում վերականգնվել:
Չեմ համարում, որ մոսկովյան մենամարտից հետո մեծ ծանրաբեռնվածություն ունեի, քանի որ ծանր պայքար չտարա: Եթե ծանր մենամարտ ունեցած լինեի, ձեռքերս վնասած լինեի կամ հոնքերս պատռված լինեին, ինչը լուրջ պրոցես է վերականգվելու, փակվելու համար, գուցե այս 1.5 ամիսը դժվար լիներ նախապատրաստվելու համար: Մոսկվայի մենամարտը համարում եմ թեթեւ: Նույնը եւ ընկերներիս համար՝ Արամ Ավագյանի եւ Գոռ Երիցյանի համար: Հեշտ ստացվեց Իսպանիայի մենամարտին պատրաստվելը:
Շատ լուրջ եւ լիովին այլ մակարդակի բռնցքամարտիկների հետ ենք մենամարտելու: Ամեն մենամարտից հետո ավելի լուրջ մրցակից է լինում եւ ավելի ուժեղ: Բայց գալիս է մի շրջան, երբ արդեն պայքար ես սկսում գոտու համար, քո բոլոր մրցակիցներն էլ մի մակարդակի են լինում:
Յուրաքանչյուր հաղթանակից հետո ի՞նչ նոր զգացողություն ես ունենում:
Ամեն հաղթանակ առաջ շարժվելու ավելի մեծ ոգեւորություն եւ ուժ է տալիս: Երբ Մոսկվայում տարած հաղթանակիցս հետո ինձ ասացին՝ նախապատրաստվել նոյեմբերի 24-ին Իսպանիայում կայանալիք մենամարտին, ուրախացա, ոգեւորվեցի: Երբ հաղթում ես, քեզ ավելի հեշտ է նորից ուժ հավաքել, նորից մարզվել, հաղթանակը մոտիվացնում է եւ ճանապարհ հարթում դեպի քո երազանքը. իմ պարագայում՝ աշխարհի չեմպիոնի գոտին նվաճելու երազանքը: Պարտությունից հետո ավելի դժվար է նորից սկսելը, զրոյից սկսելը:
Եթե պարտվել ես մրցավարների թեթեւ ձեռքով, այդ ժամանակ պարտությունը քեզ ուժ է տալիս, ապացուցելու եւ մրցավարներին հաղթելու ձգտումդ ավելի է մեծանում: Այդ ժամանակ, կարծես, ինչ-որ մեկը միջիցդ գոռա, թե բոլորին պետք է ապացուցես, որ այդ պարտությունը սխալ էր եւ հաղթանակը քոնն էր: Բայց երբ իսկապես պարտվում ես՝ զգալով քո պարտությունը, այդ ժամանակ քեզ պատում է թույլ լինելու զգացումը եւ նորից սկսում ես զրոյից:
Սիրողականում ունեցածդ հաղթանակներն ու պրոֆեսիոնալում տարածները որքա՞ն են տարբեր քեզ համար:
Ես սիրողական ռինգերում շատ տպավորիչ հաղթանակներ չեմ ունեցել: Մի քանիսն են այդպիսին եղել: 8 տարեկանից բռնցքամարտում եմ, բայց շատ չեն եղել այնպիսի պահեր, որ տպավորվեն հիշողությանս մեջ: Պրոֆեսիոնալում ամեն ինչն է ինձ համար տպավորիչ. գուցե նոր աշխարհ է, այդ պատճառով, բայց ինձ դուր է գալիս այս նոր աշխարհը, ես ինձ լավ եմ զգում այս աշխարհում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.