20:47  +04,  21 նոյեմբերի, 2017

Բասկետբոլի Հայաստանի թիմի մարզիչ. Հույս ունեմ, որ նոր սերունդ կգա ամերիկյան ուսանողական լիգայից

Այս պահին Հայաստանի հավաքականում կան շատ փոփոխություններ, ինչը նվազեցնում է մեր շանսերը առաջիկա երկու խաղերում:

Այս մասին ասել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը՝ խոսելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Մենք ունենք նոր խաղացողներ, լավ թիմ, բայց դա չի նշանակում, որ մենք անպայման հաղթելու ենք առաջիկա երկու խաղերում: Բայց դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ Հայաստանում բասկետբոլը առաջին թիմային մարզաձեւը դարձնելու համար:

Մենք Ալբանիայի մասին դեռ շատ տեղեկություններ պետք է ստանանք: Նախկինում երկու խաղ ենք ունեցել Ալբանիայի դեմ, բայց դա չի նշանակում, որ մենք այս թիմի որակների մասին ամեն ինչ գիտենք: Նոյեմբերի 23-ին Ալբանիայի թիմը խաղալու է առանց օտարերկրացի խաղացողի: Նախորդ խաղում նրանք խնդիրներ են ունեցել այդ բասկետբոլիստի հետ եւ նա այլեւս հանդես չի գալիս Ալբանիայի կազմում: Բացի այդ նրանք նոր մարզիչ ունեն եւ մի քանի նոր խաղացողներ: Ես կբացատրեմ իմ խաղացողներին, կներկայացնեմ մեր մրցակցին, որ ալբանացիները խաղալու են լիովին նոր ոճով, նոր մարզիչի գլխավորությամբ:  Ինչպես Ալբանիայի, այնպես էլ Դանիայի թիմը մեզ համար գաղտնիք են լինելու:

Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Ալբանիայի հետ մեր ունեցած երկու խաղերը ցույց տվեցին, որ ալբանացիները կոպիտ խաղացողներ են եւ նրանց հետ խաղը գրեթե հասնում է կոնֆլիկտի: Իմ տղաներին ասելու եմ, որ պետք չէ վախենալ մրցակցից եւ լավ խաղ ցուցադրել:

Մեր թիմում մեծ փոփոխություններ, կան կորուստներ, եւ մեր հնարավորությունները նվազում են: Ինձ ոչ ոք ճնշման չի ենթարկում, ես էլ իմ հերթին թիմին ճնշման չեմ ենթարկում: Միակ ճնշող հանգամանքն այն է, որ մենք պետք է փորձենք մեր առավելագույնը: Մենք կայացման փուլում ենք. երկու տարի առաջ այս թիմը գոյություն չուներ:

Ես հույս ունեմ, որ ապագայում նոր սերունդ կգա ամերիկյան ուսանողական լիգայից եւ կադրային խնդիր չենք ունենա: Ոչ ոք չէր հավատում, որ մենք կհաղթենք Սլովակիային, Շվեդիային, բայց մենք դա արեցինք: Մենք գնում ենք Ալբանիա, հետո ընդունելու ենք Դանիային՝ դրական տրամադրվածությամբ: Միակ բանը, որ կարող եմ խոսք տալ այս պահին, առավելագույն հնարավորություններով հանդես գալն է:  2018-ի փետրվարին եւ հունիսին եւս երկու խաղ կանցկացնենք՝ պատասխան հանդիպումները այս երկրների հետ: Այդ ժամանակ մենք ավելի ուժեղ թիմ կունենանք, քանի որ այդ շրջանում արդեն կադրային խնդիրների առաջ չենք կանգնի»,- նշեց գլխավոր մարզիչը:

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում կհյուրընկալվի Ալբանիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 26-ին Երեւանում կընդունի Դանիայի թիմին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով