20:47 21 նոյեմբերի, 2017Այս պահին Հայաստանի հավաքականում կան շատ փոփոխություններ, ինչը նվազեցնում է մեր շանսերը առաջիկա երկու խաղերում:
Այս մասին ասել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը՝ խոսելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Մենք ունենք նոր խաղացողներ, լավ թիմ, բայց դա չի նշանակում, որ մենք անպայման հաղթելու ենք առաջիկա երկու խաղերում: Բայց դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ Հայաստանում բասկետբոլը առաջին թիմային մարզաձեւը դարձնելու համար:
Մենք Ալբանիայի մասին դեռ շատ տեղեկություններ պետք է ստանանք: Նախկինում երկու խաղ ենք ունեցել Ալբանիայի դեմ, բայց դա չի նշանակում, որ մենք այս թիմի որակների մասին ամեն ինչ գիտենք: Նոյեմբերի 23-ին Ալբանիայի թիմը խաղալու է առանց օտարերկրացի խաղացողի: Նախորդ խաղում նրանք խնդիրներ են ունեցել այդ բասկետբոլիստի հետ եւ նա այլեւս հանդես չի գալիս Ալբանիայի կազմում: Բացի այդ նրանք նոր մարզիչ ունեն եւ մի քանի նոր խաղացողներ: Ես կբացատրեմ իմ խաղացողներին, կներկայացնեմ մեր մրցակցին, որ ալբանացիները խաղալու են լիովին նոր ոճով, նոր մարզիչի գլխավորությամբ: Ինչպես Ալբանիայի, այնպես էլ Դանիայի թիմը մեզ համար գաղտնիք են լինելու:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Ալբանիայի հետ մեր ունեցած երկու խաղերը ցույց տվեցին, որ ալբանացիները կոպիտ խաղացողներ են եւ նրանց հետ խաղը գրեթե հասնում է կոնֆլիկտի: Իմ տղաներին ասելու եմ, որ պետք չէ վախենալ մրցակցից եւ լավ խաղ ցուցադրել:
Մեր թիմում մեծ փոփոխություններ, կան կորուստներ, եւ մեր հնարավորությունները նվազում են: Ինձ ոչ ոք ճնշման չի ենթարկում, ես էլ իմ հերթին թիմին ճնշման չեմ ենթարկում: Միակ ճնշող հանգամանքն այն է, որ մենք պետք է փորձենք մեր առավելագույնը: Մենք կայացման փուլում ենք. երկու տարի առաջ այս թիմը գոյություն չուներ:
Ես հույս ունեմ, որ ապագայում նոր սերունդ կգա ամերիկյան ուսանողական լիգայից եւ կադրային խնդիր չենք ունենա: Ոչ ոք չէր հավատում, որ մենք կհաղթենք Սլովակիային, Շվեդիային, բայց մենք դա արեցինք: Մենք գնում ենք Ալբանիա, հետո ընդունելու ենք Դանիային՝ դրական տրամադրվածությամբ: Միակ բանը, որ կարող եմ խոսք տալ այս պահին, առավելագույն հնարավորություններով հանդես գալն է: 2018-ի փետրվարին եւ հունիսին եւս երկու խաղ կանցկացնենք՝ պատասխան հանդիպումները այս երկրների հետ: Այդ ժամանակ մենք ավելի ուժեղ թիմ կունենանք, քանի որ այդ շրջանում արդեն կադրային խնդիրների առաջ չենք կանգնի»,- նշեց գլխավոր մարզիչը:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 23-ին Տիրանայում կհյուրընկալվի Ալբանիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 26-ին Երեւանում կընդունի Դանիայի թիմին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.