00:22  ,  10 նոյեմբերի, 2017

ՀՀՖ փոխնախագահ. Այս տեմպով Էդգար Ստեփանյանը կնվաճի աշխարհի առաջնության ուղեգիր

Մենք չենք էլ մտածում Էդգար Ստեփանյանին ուղարկել Հայաստանից դուրս հավաքների, քանի որ այդ ռեսուրսներն առայժմ չունենք: Կանադայում եւ Չիլիում կայանալիք գավաթի խաղարկության փուլերին էլ չենք կարող մասնակցել կրկին ֆինանսի բացակայության պատճառով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը օրերս Վարշավայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նվաճել է արծաթե մեդալ: Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով կորոշվեն 2018թ. փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Այս պահին Հայաստանի առաջատար հեծանվորդը 23-րդն է:

«Այս տեմպով, Էդգար Ստեփանյանն, անշուշտ, կնվաճի աշխարհի առաջնության մասնակցության իրավունք եւ մեծ հույս ունենք, որ կնվաճի նաեւ Տոկիո-2020-ի օլիմպիական  ուղեգիր:

Դեռ երկար ճանապարհ ունենք մինչ այդ, աշխարհի գավաթի խաղարկություններ, հետո աշխարհի առաջնություն, որից հետո զրոյից նորից միավորների նվաճում մինչեւ Օլիմպիական խաղեր:

Ունենք երկու մարզիկ՝ Էդգար Ստեփանյանը եւ Մհեր Մկրտչյանը, ով լուրջ վնասվածք ունի եւ դեռ պատրաստ չէ մեկնարկների դուրս գալ: Նա ապաքինվում է եւ, կարծում եմ, շուտով կմիանա Էդգար Ստեփանյանին»,- ասաց Մարտին Շարբաթյանը:

Աշխարհի առաջնության երկու փուլերին մասնակցելու համար պահանջվում է շուրջ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչն ըստ ֆեդերացիայի փոխնախագահի այս պահին ՀՀՖ-ն չունի:

«Ֆեդերացիայի նախագահն ամեն ինչ անում է, որ ֆինանսի խնդիրը լուծվի: Այս պահին այդքան գումար չունենք, որ մեր մարզիկին ուղարկենք Կանադա եւ Չիլի: Բայց բացի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից կան եւս մի քանի մրցաշարեր, որոնք կրկին վարկանիշային են աշխարհի առաջնության համար: Կփորձենք այդ մրցաշարերին մասնակցել, որպեսզի հնարավորինս շատ միավորներ վաստակենք եւ կարողանանք պահպանել մեր տեղը լավագույն 24-ի մեջ»,- նշեց ՀՀՖ փոխնախագահը:

Մարտին Շարբաթյանի խոսքով, օլիմպիական մրցաշրջանին նախապատրաստվող Էդգար Ստեփանյանը կարիք չունի արտագնա ուսումնամարզական հավաքների, քանի որ եղանակային պայմաններն այդքան էլ «անտանելի» չեն: Սակայն Հայաստանի առաջատար հեծանվորդը բացօթյա պայմաններում մարզվելու հետեւանքով արդեն հասցրել է մրսածություն ձեռք բերել:

«Հիմնական շեշտը դրել ենք խճուղային մարզումների վրա, մարզվում ենք նաեւ հեծանվահրապարակում: Ճիշտ է, փակ տանիքով հրապարակ չունենք մարզումների համար, բայց բացօթյա մարզումներն էլ մեզ չեն խանգարում: Այնպես չէ, որ հորդառատ անձրեւներ են, հաճախակի չեն անձրեւոտ եղանակները: Մենք, անգամ, չենք էլ մտածում Էդգար Ստեփանյանին ուղարկել Հայաստանից դուրս հավաքների, քանի որ այդ ռեսուրսներն առայժմ չունենք»,- ամփոփեց ֆեդերացիայի փոխնախագահը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով