00:22 10 նոյեմբերի, 2017Մենք չենք էլ մտածում Էդգար Ստեփանյանին ուղարկել Հայաստանից դուրս հավաքների, քանի որ այդ ռեսուրսներն առայժմ չունենք: Կանադայում եւ Չիլիում կայանալիք գավաթի խաղարկության փուլերին էլ չենք կարող մասնակցել կրկին ֆինանսի բացակայության պատճառով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Մարտին Շարբաթյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը օրերս Վարշավայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում նվաճել է արծաթե մեդալ: Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունների արդյունքներով կորոշվեն 2018թ. փետրվարին կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք նվաճած լավագույն 24 հեծանվորդները: Այս պահին Հայաստանի առաջատար հեծանվորդը 23-րդն է:
«Այս տեմպով, Էդգար Ստեփանյանն, անշուշտ, կնվաճի աշխարհի առաջնության մասնակցության իրավունք եւ մեծ հույս ունենք, որ կնվաճի նաեւ Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիր:
Դեռ երկար ճանապարհ ունենք մինչ այդ, աշխարհի գավաթի խաղարկություններ, հետո աշխարհի առաջնություն, որից հետո զրոյից նորից միավորների նվաճում մինչեւ Օլիմպիական խաղեր:
Ունենք երկու մարզիկ՝ Էդգար Ստեփանյանը եւ Մհեր Մկրտչյանը, ով լուրջ վնասվածք ունի եւ դեռ պատրաստ չէ մեկնարկների դուրս գալ: Նա ապաքինվում է եւ, կարծում եմ, շուտով կմիանա Էդգար Ստեփանյանին»,- ասաց Մարտին Շարբաթյանը:
Աշխարհի առաջնության երկու փուլերին մասնակցելու համար պահանջվում է շուրջ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ինչն ըստ ֆեդերացիայի փոխնախագահի այս պահին ՀՀՖ-ն չունի:
«Ֆեդերացիայի նախագահն ամեն ինչ անում է, որ ֆինանսի խնդիրը լուծվի: Այս պահին այդքան գումար չունենք, որ մեր մարզիկին ուղարկենք Կանադա եւ Չիլի: Բայց բացի աշխարհի գավաթի խաղարկության փուլերից կան եւս մի քանի մրցաշարեր, որոնք կրկին վարկանիշային են աշխարհի առաջնության համար: Կփորձենք այդ մրցաշարերին մասնակցել, որպեսզի հնարավորինս շատ միավորներ վաստակենք եւ կարողանանք պահպանել մեր տեղը լավագույն 24-ի մեջ»,- նշեց ՀՀՖ փոխնախագահը:
Մարտին Շարբաթյանի խոսքով, օլիմպիական մրցաշրջանին նախապատրաստվող Էդգար Ստեփանյանը կարիք չունի արտագնա ուսումնամարզական հավաքների, քանի որ եղանակային պայմաններն այդքան էլ «անտանելի» չեն: Սակայն Հայաստանի առաջատար հեծանվորդը բացօթյա պայմաններում մարզվելու հետեւանքով արդեն հասցրել է մրսածություն ձեռք բերել:
«Հիմնական շեշտը դրել ենք խճուղային մարզումների վրա, մարզվում ենք նաեւ հեծանվահրապարակում: Ճիշտ է, փակ տանիքով հրապարակ չունենք մարզումների համար, բայց բացօթյա մարզումներն էլ մեզ չեն խանգարում: Այնպես չէ, որ հորդառատ անձրեւներ են, հաճախակի չեն անձրեւոտ եղանակները: Մենք, անգամ, չենք էլ մտածում Էդգար Ստեփանյանին ուղարկել Հայաստանից դուրս հավաքների, քանի որ այդ ռեսուրսներն առայժմ չունենք»,- ամփոփեց ֆեդերացիայի փոխնախագահը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.