17:35  ,  28 հոկտեմբերի, 2017

Դավիթ Թորոսյան. Հայաստանի առաջնության բոլոր մասնակիցները թերի պատրաստված էին

Հայաստանի առաջնության մասնակից բռնցքամարտիկների հետ մասնագիտական աշխատանք չեմ տեսնում: Բոլորը թերի պատրաստված էին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները:

«Հայաստանի առաջնության արդյունքներից, մենամարտերից գոհ չեմ: Սա շատ կարեւոր ստուգատես է բոլորիս համար, որպեսզի հասկանանք՝ ով կարող է համալրել ազգային հավաքականը, ինչ խնդիրներ կան, անձնական մարզիչներն ինչպես են աշխատում բռնցքամարտիկների հետ: 2018 թվականը մեզ համար կլինի փորձարկումների տարի, քանի որ այդքան լուրջ մրցաշարեր չունենք, իսկ արդեն 2019 թվականից արդեն սկսվում է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու տարին:

Հայաստանի առաջնությունը պետք է որոշակի պատկեր տար նոր կազմ ունենալու համար, եկող սերնդի ներուժի մասին, բայց այն, ինչ այսօր ես տեսա, մենք տեսանք, դժվար է պատկերացնել, թե ինչ աշխատանք պետք է տանենք այս երիտասարդների հետ:

Երիտասարդ բռնցքամարտիկները թերի պատրաստված են: Մեծ աշխատանք է պետք, որպեսզի բերենք ընդհանուր բալանսի այս բռնցքամարտիկներին, այլապես արդյունքները շատ հեռու կլինեն մեզանից: Առաջնության մասնակիցները թույլ են, փոխարինող սերունդն իսկապես թերի է տեխնիկապես, տակտիկապես:

Մարզչական աշխատանքից եմ շատ դժգոհ: Չեմ հասկանում, թե բռնցքամարտիկի հետ մարզիչների աշխատանքային գործընթացը ինչպես է անցնում. մասնագիտական մոտեցում չկա: Լսել են սիրողական բռնցքամարտ եւ սիրողական կերպով են մարզում բռնցքամարտիկներին: Ով ուզում, դառնում է մարզիչ, սիրողական մարզիչ: Իրենց կարծիքով, իրենք որակով մարզիչներ են, բայց Հայաստանի առաջնությանը տեսնում ենք, թե որքանով է այդ իրենց ասած որակով մարզիչ լինելը համապատասխանում իրականությանը. չի համապատասխանում:

Մենք ժամանակին շատ լավ մարզիչներ ունեինք իրենց ավանդույթներով, բայց այդ ավանդույթները չփոխանցվեցին նորերին եւ արդյունքը սա է: Նորերը եկել են, իրենցն են դրել, որը ոչ մի լավ տեղ չի տանում»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ նորընծա չեմպիոնները կհամալրեն Հայաստանի հավաքականը:

«Նորընծա չեմպիոնները երեւի կհամալրեն ազգային հավաքականը եւ նորից ծանրության ամբողջ բեռը կընկնի իմ ուսերին, որովհետեւ ես նրանց պետք է սովորեցնեմ այն, ինչ իրենց չեն կարողանում անել»,- նշեց գլխավոր մարզիչը:

Հայաստանի առաջնությանը մասնակցել է շուրջ 90 մարզիկ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով