00:57  +04,  24 հոկտեմբերի, 2017

Արտաշես Ներսիսյան. Ծանրորդուհիները մեծ ներուժ ունեն եւ կարող են դառնալ Տոկիո-2020-ի օլիմպիական թիմը

Մեր աղջիկները մեծ ներուժ ունեն եւ կարող են դառնալ Տոկիո-2020-ի օլիմպիական թիմը, բայց դեռ շատ աշխատելու եւ կիլոգրամներն ավելացնելու տեղ կա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը՝ մեկնաբանելով երիտասարդ ծանրորդուհիները մրցելույթները մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում:

«Ներուժ ունենք, բայց մեզ երկարատեւ աշխատանք է սպասվում: Ես ձգտում եմ եւ բոլորիս ցանկությունն է, որ մեծահասակներում էլ նույն արդյունքներն ունենանք, ինչ երիտասարդներում: Բայց այս կիլոգրամները դեռ շատ քիչ են:

Շատ լավ է, որ մեդալներ կան Եվրոպայի առաջնությունից, ոսկիներ կան: Բայց չպետք է հանգստանան: Աշխատել է պետք, անընդհատ առաջ գնալ: Այս ոսկիներն ու մեդալները դեռ վերջը չէ: Պետք է ամեն ինչ անենք, որ մեծահասակներում էլ ունենանք այս նույն պատկերը:

Նազիկ Ավդալյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի այն ժամանակվա արդյունքները շատ բարձր էին եւ այդպիսի արդյունքներ ունենալու համար մեր աղջիկները դեռ շատ կիլոգարմներ պետք է ավելացնեն:

Մրցակցությունը մեծ էր, մեդալները նվերների տեսքով չեղան: Բայց մեր աղջիկները կարողացան ճիշտ կիլոգրամներով մտնել պայքարի մեջ եւ լավ դրսեւորել իրենց այդ պայքարում: Սա խոսում է այն մասին, որ հայ ծանրորդուհիները մի քիչ ուժեղացել են»,- ասաց Արտաշես Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ Ալբանիայում ավարտված Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը եւ +90 կգ քաշային Արփինե Դալալյանը դարձել են հաղթող, 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը՝ փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը՝ բրոնզե մեդալակիր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով