19:37  ,  20 հոկտեմբերի, 2017

«Ալաշկերտում» առաջին գոլը խփած Միլիան Յաբլան. Մինչեւ վերջ կատարեցինք մեր գործը

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Արցախի» դեմ ձախ պաշտպանի դիրքում հանդես եկած «Ալաշկերտի» փորձառու սերբ խաղացող Միլիան Յաբլանը Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է գավաթային խաղը եւ պատմել, թե ինչպես է «Ալաշկերտը» պատրաստվում «Գանձասար-Կապանի» դեմ Հայաստանի առաջնության 10-րդ տուրի կարեւոր հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» «Արցախին» հաղթել է 6:0 հաշվով, Յաբլանը խփել է իր առաջին գոլը «Ալաշկերտում»:

«Շատ ուրախ եմ, որ բացեցի գոլերիս հաշիվն «Ալաշկերտում»: Շատ դժվար է տրամադրվել գավաթային պատասխան հանդիպմանը, երբ առաջին խաղում գրեթե լուծել ես դիմակայության ելքը: Սակայն, մենք, որպես պրոֆեսիոնալներ, մինչեւ վերջ կատարեցինք մեր գործը եւ դուրս եկանք կիսաեզրափակիչ:

«Գանձասար-Կապանի» դեմ առաջիկա խաղին պատրաստվում ենք սովորականի պես: Ամեն խաղում ձգտում ենք հաղթանակի: Հիմա մենք լավ մարզավիճակում ենք, թիմում հիանալի տրամադրություն է: Հուսով եմ, որ հաջողության կհասնենք եւ կշարունակենք հաղթական շարքը»,- ասել է սերբ ֆուտբոլիստը:

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի 15:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում