19:30  ,  16 հոկտեմբերի, 2017

Գեւորգ Ղազարյանը՝ վերականգնողական փուլի եւ առողջական վիճակի մասին

Պորտուգալական «Մարիտիմուի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է իր առողջական վիճակի մասին:

«Դեռեւս մարզվում եմ անհատական ծրագրով, որն առաջարկել են Գերմանիայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկի ֆիզիոթերապեւտները՝ համագործակցելով «Մարիտիմուի» բժշկական անձնակազմի հետ: Հավելեմ, որ սեպտեմբերի 21-ին նորից բուժզննում եմ անցել Գերմանիայում, ինչի արդյունքում այս ժամանակահատվածի համար ոտքիս վիճակը գնահատվեց բավարար եւ կազմվեց նոր ծրագիր մինչեւ նոյեմբերի սկիզբ՝ այն հույսով, որ կսկսեմ մարզվել հիմնական կազմի հետ որոշ սահամանափակումներով՝ միեւնույն ժամանակ շարունակելով անհատական մարզումները:

Նախատեսվում է եւս մեկ բուժզննում նոյեմբերի վերջին, որից հետո, հուսամ, ամբողջովին պատրաստ կլինեմ խաղալուն:

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին, հայ երկրպագուներին, «Մարիտիմուին» եւ մարիտիմիստներին իմ կողքին գտնվելու եւ ինձ աջակցելու համար»,- գրել է Գեւորգ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Գեւորգ Ղազարյանը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որը կայացել էր մարտի 26-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում