21:50  ,  8 հոկտեմբերի, 2017

Հայաստանի հավաքականը չպահպանեց հաղթական հաշիվը, Լեհաստանը նվաճեց ուղեգիր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 4 անընդմեջ պարտություններից հետո ոչ ոքի արդյունքով ավարտեց ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում: Վերջին՝ 10-րդ տուրում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց Ղազախստանի հավաքականի դեմ հանդիպումը: Խաղն անցկացվեց Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում, որն ունի արհեստական խոտածածկով խաղադաշտ:

Խաղի մեկնարկը ստացվեց դիտարժան, եւ արդեն 12-րդ րոպեին հաշիվը կարող էր լինել 2:2, սակայն 2 թիմերն էլ կորցրեցին իրական գոլային պահեր: 5-րդ րոպեին ղազախները խաղարկեցին վտանգավոր տուգանային հարված, որից հետո հյուրերի դարպասապահ Արսեն Բեգլարյանը վստահ գործեց: Քիչ անց Հայաստանի հավաքականը պատասխանեց Մարկոս Պիզելիի վտանգավոր հարվածով: 8-րդ րոպեին Ղազախստանի հավաքականն ունեցավ առաջին իրական գոլային պահը, բայց Արսեն Բեգլարյանը դարձյալ հայկական թիմին փրկեց գոլից: Շուտով վրիպելու հերթը հյուրերին էր: 2 րոպեի ընթացքում նույն դիրքից դարպասը գրավել չկարողացան Սարգիս Ադամյանը եւ Արտյոմ Սիմոնյանը:

Խաղակեսի միջնամասում խաղի տեմպը փոքր ինչ ընկավ, իսկ Հայաստանի հավաքականը կարողացավ գոլ խփել հակագրոհի արդյունքում: 26-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Մարկոս Պիզելիի հրաշալի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ եւ վարպետորեն գրավեց դարպասը: Գոլից հետո խաղադաշտում ընթանում էր հավասար պայքար: Խաղակեսի վերջնամասում թիմերը կորցրին մեկական գոլային պահ եւ ընդմիջման գնացին 0:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի թիմը հրաշքով փրկվեց գոլից: 53-րդ րոպեին ղազախ ֆուտբոլիստը գլխի հարված կատարեց մահացու դիրքից, իսկ Արսեն Բեգլարյանը դարձյալ փայլեց: Ընդմիջումից հետո դաշտի տերերն ավելի մեծ ուժերով էին գրոհում եւ կարողացան հավասարեցնել հաշիվը: 62-րդ րոպեին «Կայրաթի» հարձակվող Բաուրժան Տուրիսբեկը եզրափակեց եզրից եկած բարձրից փոխանցումը՝ 1:1: Խաղի մնացած ժամանակահատվածում 2 թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Հայաստանի հավաքականը մոտ էր գոլ խփելուն, բայց ղազախ պաշտպանը դարպասային գծից հեռացրեց գնդակը:

E խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականը դրամատիկ պայքարում տանը 4:2 հաշվով հաղթեց Չեռնոգորիային եւ, 25 միավորով գրավելով առաջին տեղը, նվաճեց ԱԱ-2018-ի ուղեգիր: Դանիացիները 1:1 հաշվով ավարտեցին Ռումինիայի դեմ տնային խաղը եւ 22 միավոորով զբաղեցրին երկրորդ տեղը՝ նվաճելով անցումային խաղերի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 7 միավորով 5-րդ տեղը գրավեց խմբում, իսկ ղազախները հավաքեցին 3 միավոր՝ ընտրական փուլն ավարտելով առանց հաղթանակի:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 10-րդ տուր

E խումբ

Ղազախստան - Հայաստան՝ 1:1 

Բաուրժան Տուրիսբեկ, 62 – Հենրիխ Մխիթարյան, 26

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Արտյոմ Միքայելյան (Գաել Անդոնյան, 60), Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Գրիգորյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մալաքյան (Կամո Հովհաննիսյան, 59), Արտյոմ Սիմոնյան, Մարկոս Պիզելի (Ռուսլան Կորյան, 70), Սարգիս Ադամյան:

Լեհաստան - Չեռնոգորիա՝ 4:2

Կրիշտոֆ Մացինսկի, 6, Կամիլ Գրոսիցկի, 16, Ռոբերտ Լեւանդովսկի, 85, Ֆիլիպ Ստոյկովիչ, 89 (ինքնագոլ) – Ստեֆան Մուգոսա, 78, Նիկոլա Վուկչեւիչ, 83

Դանիա - Ռումինիա՝ 1:1

Կրիստիան Էրիկսեն, 59 (11մ) - Չիպրիան Դյակ, 88

Հեռացում՝ Կրիստիան Գենեա, 63 (Ռումինիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով