16:52  ,  4 հոկտեմբերի, 2017

Գժեգոժ Կրիխովյակ. Մխիթարյանի որակների մասին գիտեն բոլորը

Լեհաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Վեստ Բրոմվիչի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը, Երեւանում կայացած նախախաղային ասուլիսում անդրադառնալով Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին, խոսել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինչի մասին գիտեն բոլորը: Մենք տրամադրված ենք հաղթական եւ խաղալու ենք միայն 3 միավորի համար:

Վնասվածքից լիովին վերականգնվել եմ եւ լավ մարզավիճակում միացել հավաքականին: Մեզ սպասվում է կարեւոր հանդիպում»,- Կրիխովյակը խոսքը մեջբերում է sport.pl-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Լեհաստանի թիմը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» ստադիոնում: 

Առաջին շրջանում լեհերը Հայաստանի հավաքականին Վարշավայում հաղթել են 2:1 հաշվով: Հայաստանի թիմը զրկվել է ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, իսկ Լեհաստանի հավաքականը 19 միավորով ընտրական E խմբի առաջատարն է: Չեռնոգորիան ու Դանիան ունեն 16-ական միավոր, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով