16:53  +04,  6 սեպտեմբերի, 2017

Սամվել Գեւորգյան. Միհրան Հարությունյանը կհամատեղի խառը մենամարտերն ու ըմբշամարտը

Միհրան Հարությունյանը չի ավարտում ըմբիշի կարիերան։ Կսկսի հանդես գալ խառը մենամարտերում՝ համատեղ հանդես գալով նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունայնի անձնական մարզիչը Հայաստանում Սամվել Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում աշխատող ММА-ի հայտնի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը Ինստագրամում գրել է, որ Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը ուժերը փորձելու է խառը մենամարտերում (ММА): Հրապարակումը սոցցանցերում տարածել է նաեւ Միհրան Հարությունյանը, որն այս օրերին ամուսնական մեղրամիսն է վայելում։ 

«Միհրան Հարությունյանը չի հեռանում ըմբշամարտից։ Մեր չեմպիոնը նոր եւ շատ լավ առաջարկ է ստացել՝ իր ուժերը փորձելու նաեւ խառը մենամարտերում։ Միհրանը սիրով համաձայնել է եւ վստահ ենք, որ մեծ հաջողությունների կհասնի նաեւ MMA-ում։ Իսկ ըմբիշի իր կարիերան կշարունակի՝ համատեղելով։ Այս շրջանում Միհրան Հարությունյանը հանգստանում է։ Ձեռքի լիարժեք ապաքինումից հետո ըմբիշը կվերսկսի մարզումները»,-ասաց Սամվել Գեւորգյանը։ 

Հիշեցնենք, որ  Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով զրկվել ոսկե մեդալից։ Դրանից հետո հայ ըմբիշը 2 վիրահատության է ենթարկվել Գերմանիայում եւ Լեհաստանում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Միհրան Հարությունյանը տեղեկացրել էր, որ ամուսնությունից հետո, սեպտեմբերին եւս մեկ անգակ կվիրահատվի, իսկ 6 ամիս անց արդեն լիարժեք կվերսկսի մարզումները։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով