00:37  ,  2 սեպտեմբերի, 2017

Ռումինիան հաղթանակ կորզեց կարմիր քարտով խաղացող Հայաստանի հավաքականի դեմ խաղում

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց ռումինացիներին, որոնք հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում: Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնում կայացած խաղում Արթուր Պետրոսյանի թիմը 54-րդ րոպեից խաղում էր 10 խաղացողներով, իսկ դաշտի տերերը Տարոն Ոսկանյանի կարմիր քարտից հետո նաեւ վրիպել էին 11 մետրանոցից:

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսել էր 3 կենտրոնական պաշտպաններով, իսկ թիմի դարպասը պաշտպանում էր «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, որը երկրորդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմում եւ թողեց լավ տպավորություն: Ռումինացիներն ավելի ակտիվ էին սկզբնամասում, իսկ 9-րդ րոպեին ունեցան գոլային պահ, բայց թուրքական «Բուրսասպորի» կիսապաշտպան Բոգդան Ստանկուի հարվածը շեղ ստացվեց: Հյուրերը պատասխանեցին 14-րդ րոպեին, երբ մակեդոնական «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ ու չկարողացավ գրավել դարպասը: Հայաստանի հավաքականի գրոհները հիմնականում հակագրոհների տեսքով էին: 21-րդ րոպեին Հայաստանի թիմը կորցրեց եւս մեկ գոլային պահ: Այս անգամ եւս մրցակցի տուգանային հրապարակում անհաջող գործեց Տիգրան Բարսեղյանը, որը հանդես էր գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում եւ չօգտագործեց Մարկոս Պիզելիի փոխանցումը: Քիչ անց ռումինացիները պատասխանեցին վտանգավոր անկյունային հարվածով, բայց ամեն բան բարեհաջող ավարտվեց հայկական թիմի համար: Խաղակեսի միջնամասում դաշտում հավասար պայքար էր, իսկ խաղի տեմպը բարձր չէր: Ռումինացիների գրոհների փորձերը չէին ստացվում, իսկ Հայաստանի հավաքականի խաղացողները սկսել էին ավելի վստահ աշխատել գնդակով: Ենթահարձակվողի դիրքում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը մասնակցում էր հյուրերի գրեթե բոլոր գրոհներին եւ ազատ տեղաշարժվում էր խաղադաշտում: Խաղակեսի վերջնամասում դաշտի տերերն անցկացրին եւս մի քանի գրոհներ: 38-րդ րոպեին Ֆլորին Անդոնեն գրավեց հյուրերի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին իսպանական «Դեպորտիվոյի» հարձակվողի մոտ: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց Ռումինիայի հավաքականի գրոհների ներքո: Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կատարել էր մեկ փոխարինում՝ Գոռ Մալաքյանի փոխարեն հենակետային կիսապաշտպանի գոտում դաշտ դուրս բերելով Արտակ Եդիգարյանին: 54-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնաց 10 խաղացողներով, իսկ ռումինացիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: Կիպրոսյան «Նեա Սալամիսի» պաշտպան Տարոն Ոսկանյանը երկրորդ դեղին քարտը ստացավ սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար եւ հեռացվեց դաշտից: 11 մետրանոցը դիպուկ իրացնել չկարողացավ Բոգդան Ստանկուն, որի հարվածից հետո Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց գնդակը: Թվային առավելություն ստացած դաշտի տերերը սկսեցին գրոհել մեծ ուժերով եւ ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, որոնք գոլով ավարտել չհաջողվեց: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը հազվադեպ էր գրոհում ու չունեցավ իրական գոլային պահեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը գրեթե աննկատ էր խաղադաշտում: Խաղն անցնում էր հյուրերի կիսադաշտում, բայց ռումինացիների գրոհներն այնքան էլ վտանգավոր չէին: Հայաստանի հավաքականը չէր կարողանում խաղը հեռացնել սեփական դարպասից, իսկ ավելացված ժամանակում նաեւ գոլ բաց թողեց: Հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ալեքսանդրու Մաքսիմը:

E խմբի մյուս խաղերում Դանիայի հավաքականը տանը 4:0 հաշվով հաղթեց լեհերին, իսկ Չեռնոգորիան հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի թիմի դարպասը:

7-րդ տուրից հետո խմբի առաջատար Լեհաստանն ունի 16 միավոր, Դանիան ու Չեռնոգորիան՝ 13-ական, Ռումինիան՝ 9, Հայաստանը՝ 6, իսկ Ղազախստանը՝ 2:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 4-ին Երեւանում՝ մրցելով դանիացիների հետ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլ, եվրոպական գոտի, 7-րդ տուր

E խումբ

Ռումինիա - Հայաստան՝ 1:0

Ալեքսանդրու Մաքսիմ, 90+1

Հեռացում՝ Տարոն Ոսկանյան, 54 (Հայաստան)

Չիրացված 11 մետրանոց՝ Բոգդան Ստանկու, 55 (Ռումինիա )

Ռումինիա. Չիպրիան Տատարուշանու, Ռոմարիո Բենզար, Ալին Տոսկա, Վլադ Կիրիկեշ, Կրիստիան Գանյա, Նիկոլաե Ստանչու, Միհայ Պինտիլի, Ալեքսանդրու Չիպչու (Ադրիան Պոպա, 68), Բոգդան Ստանկու (Ալեքսանդրու Մաքսիմ, 81), Միհաիլ Բալուտա (Անդրեյ Իվան 74), Ֆլորին Անդոնե:

Հայաստան. Գրիգոր Մելիքսեթյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Գագիկ Դաղբաշյան, Գոռ Մալաքյան (Արտակ Եդիգարյան, 46), Դավիթ Մանոյան (Ռուսլան Կորյան, 58), Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի (Սարգիս Ադամյան, 74), Տիգրան Բարսեղյան:

Դանիա - Լեհաստան՝ 4:0

Թոմաս Դելեյնի, 16, Անդրեաս Կորնելիուս, 42, Նիկոլայ Յորգենսեն, 59, Կրիստիան Էրիկսեն, 80

Ղազախստան - Չեռնոգորիա՝ 0:3

Մարկո Վեշովիչ, 31, Ֆատոս Բեչիրայ, 53, Մարկո Սիմիչ, 63

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս