23:37  ,  19 օգոստոսի, 2017

Նիկշա Բավցեւիչ. Մենք պարտվեցինք, որովհետեւ բաց թողեցինք բազմաթիվ հնարավորություններ

Այսօր մենք բոլորս տխուր ենք, քանի որ չկարողացանք վերջին քայլը հաղթահարել դեպի աշխարհի առաջնության ընտրական փուլ: Բայց իմ  հավաքականը զարկ տվեց հայկական բասկետբոլին եւ ապացուցեց, որ սա հայկական բասկետոլի ապագան է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը՝ մեկնաբանելով  2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում Բոսնիա-Հերցեգովինայի թիմից կրած պարտությունը:

Հիեցնենք, որ Հայաստանի հավաքկանը պարտվեց 66:83 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայնտել երկրպագուներին հիասքանչ մթնոլորտի ու աջակցության համար: Շատ հաճելի էր խաղալ այսպիսի մթնոլորտում: Իմ տղաները պատրաստ չէին որսալ այս հաճույքը:

Առաջին քառորդի ավարտին մենք ունեինք շատ լավ արդյունք, ակտիվ էինք, բայց հաջորդ քառորդների ընթացքում թույլ տվեցինք բազմաթիվ սխալներ, բաց թողեցինք շատ հնարավորություններ: Մենք կարող ենք միայն շնորհավորել Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին այս խաղի, հաղթանակի համար:

Թիմի տղաները հրաշալի փորձ ունեցան նախընտրական փուլում, մեծ փորձ ձեռք բերեցին, հրաշալի խաղեր ունեցան: Աշխարհի առաջնության ընտրական փուլի բոլոր հանդիպումները ազգային հավաքականի անդամների կյանքի ամենամեծ խաղերն էին:

Այսօր բոլորը շատ լավ խաղ ցույց տվեցին, Ռայան Բոթրայթը եւ թիմի մյուս անդամներն արեցին ամեն հնարավորը: Պարտության պատճառներից մեկը նաեւ մեր թիմի տղաների ֆիզիկական վիճակն էր: Ի տարբերություն Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի, մեր տղաներն ունեին որոշակի խնդիրներ վնասվածքների հետ կապված:Բայց պետք չէ պարտության պատճառներ փնտրել: Մենք պարտվեցինք, որովհետեւ բաց թողեցինք բազմաթիվ հնարավորություններ»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի 6 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել է Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել է Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել է շվեդներին եւ վերջին տուրում տանը 66:83 հաշվով պարտվել է բոսնիացիներին:

Հայաստանի հավաքականը կազմավորվել է այս տարի եւ առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս