18:34  ,  1 օգոստոսի, 2017

Երեւանում տեղի ունեցավ «Արցախ» ֆուտբոլային ակումբի շնորհանդեսը (NEWS.am Sport Live)

Երեւանի նախկին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլայյին ակումբի շնորհանդեսը: Այս մասին փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ակումբի հիմնադիրը ծնունդով Արցախից Սեւան Ասլանյանն է, որը բնակվում է Չեխիայում:

Ակումբն ունի 22 ֆուտբոլիստ: Նրանցից 5-ը Արցախի Հանրապետությունից են: Գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանն է: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց «Արցախի» ֆուտբոլիստների համազգեստը: Թիմն արդեն ունի տնային, արտագնա հանդիպումների մարզահագուստներ, ինչպես նաեւ առանձին մարզումային համազգեստ: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց նաեւ ակումբի հիմնը:

«Ունենք լավ ընտրված ֆուտբոլիստներ եւ մեծ նպատակներ: Խնդիր է դրված թիմն առաջին տեղով դուրս բերել Բարձրագույն խումբ: Ունենք համապատսխան կազմ, եւ կարծում եմ՝ մեր առջեւ դրված խնդիրը կլուծենք: Խաղալու ենք բալանսավորված ֆուտբոլ՝ պետք է եւ լավ հարձակվենք, եւ լավ պաշտպանվենք: Մեր ակումբը մյուս ակումբներից տաբերվելու է ֆուտբոլիստներով եւ գրագետ խաղով:

Ակումբը սերտ կապ է ունենալու Արցախի ֆուտբոլի դպրոցի հետ, արդեն ունենք 5 ֆուտբոլիստ այնտեղից:

Գիտեմ, որ Առաջին լիգայում եւս երկու նոր թիմեր են հանդես գալու՝ «Լոռին» եւ «Ավան Ակադեմիան»: «Ավանի հետ արդեն խաղ ունեցել ենք, բայց «Լոռիին» ծանոթ չենք: Գիտեմ, որ լավ թիմ է: Կարծում եմ՝ նոր թիմերը խնդիր չեն լինի մեզ համար եւ կաշխատենք առաջին տեղով դուրս գալ:

Թիմի նախապատրաստական փուլն անցել է շատ լավ, մարզադաշտի, մարզագույքի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Ինչ խաղեր, որ ծրագրել էինք, նորմալ անցել է»,- ասաց Տիգրան Եսայանը:

Գլխավոր մարզչի փոխանցմամբ, «Արցախի» տնային խաղերն անցկացնելու են  նախկին «Միկա» ստադիոնում:

«Հայաստանում հաճախակի են նոր ակումբներ բացվում, գեղեցիկ ներկայացվում եւ նույն արագությամբ էլ փակվում: Մենք կանենք հնարավորը, որ «Արցախը» երկար կյանք ունենա: Ակնկալում ենք երկրպագուների աջակցությունը եւ հույս ունենք, որ մեր հանդիպումները կանցնեն լի տրիբունաներով, քանի որ եթե թիմը լավ խաղ ցույց տա, երկրպագուները կգան»,- նշեց մարզիչը

Շնորհանդեսից հետո «Արցախ» ակումբ ստուգողական խաղ կանցկացնի «Էրեբունի» թիմի հետ, որը կլինի վերջին հանդիպումը առաջնության մեկնարկից առաջ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում