20:08  ,  8 հուլիսի, 2017

Սերժ Սարգսյան. Աշոտ Վարդապետյանը մեզ չի վախեցնի իր վախենալով

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ ՀՇՖ-ի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

«Շնորհակալ եմ ֆեդերացիայի անդամների այն ջանքերի համար, որոնք ներդրվում է շախմատը զարգացնելու գործում։ Հավատացեք, որ սա շատ մեծ գործ է։ Եթե մենք մեր երկրում ունենանք գոնե 1-2 տոկոս մարդկանց, ովքեր մտածում են այնպես, ինչպես կմտածեին լավ շախմատիստները, մենք շատ խնդիրներ ավելի հեշտությամբ կլուծեինք։ Իմ ասածը չի նշանակում, որ ես շախմատը համարում եմ բոլոր մարզաձեւերի թագուհին ակնհայտ է, որ ֆուտբոլը շատ ավելի պոպուլյար է, շատերի համար ավելի հետաքրքիր է։ Խոսքս դրա մասին չէ։ Բայց պատկերացրեք, որ 1-2 տոկոսը շախմատիստի պես մտածի, 12 տոկոսը, որպես ֆուտբոլիստ, բայց լավ ֆուտբոլիստ եւ այլն․․․ Այդպես մի քանիսը որպես ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեր հասարակությունը լավ կզարգանար։

Աշխատելու ենք, որ մեր հաջորդ կոնֆերանսում ավելի շատ լինեն հաջողությունները։ Այնպես պետք է անենք, որ առաջիկա 4 տարիների ընթացքում աշխարհի լավագույն 100 շախմատիստների շարքում ունենանք 5 գրոսմայստեր։ Արդեն ժամանակն է, որ Հայաստանն ունենա շախմատի գիտահետազոտական ինստիտուտ»,- նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ասաց ՀՇՖ նախագահը։

Ֆեդերացիայի կոնֆերանսի ընթացքում բացի ֆեդերացիայի նախագահից, ընտրվեցին նաեւ նախագահի տեղակալներ առաջին տեղակալ վերանշանակվեց Սմբատ Լպուտյանը, տեղակալ նշանակվեց Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը։

Սովորաբար ֆեդերացիաների նիստերի ժամանակ փակ դռների հետեւում են տեղի ունենում ընտրվում ֆեդերացիայիի նախագահի տեղակալները, խորհուրդը։

«Կարծում եմ՝ ոչինչ չի պատահի, որ պատվիրակների ներկայությամբ ընտրենք խորհուրդ եւ, ըստ մեր կանոնադրության, ֆեդերացիայի նախագահի առաջարկությամբ նաեւ տեղակալներ, հաստատենք գործադիր տնօրենին եւ գլխավոր քարտուղարին»,- ասաց ֆեդերացիայի նախագահը։

Քվեարկությամբ ֆեդերացիայի խորհրդի կազմում եղան որոշակի փոփոխություններ։ Սերժ Սարգսյանի առաջարկով ֆեդերացիայի խորհրդի կազմում ընդգրկվեց նաեւ Օլիմպիադայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, Արտակ Սարգսյանը։ Պակասեցին նաեւ ֆեդերացիայի նախագահի տեղակալները։ Սմբատ Լպուտյանը վերընտրվեց նախագահի առաջին տեղակալի իր պաշտոնում, տեղակալներ նշանակվեցին նաեւ Տարոն Մարգարյանը եւ Լեւոն Յոլյանը։

Քվեարկությամբ եւ միաձայն ընտրվեցին բոլոր այն տեղակալներն, ում առաջարկում էր Սերժ Սարսգյանը, առանց դեմ կամ ձեռնպահ քվեների։ Սերժ Սարգսյանին կարծես դուր եկավ ֆեդերացիայի անձնակազմի միաձայն քվեարկությունները

«Պատկերացնում եք, որ դեպուտատներին էլ այդպես միահամուռ ընտրեին․․․անունը չտված քվեարկեին․․․շատ լավ կլիներ»,- կատակեց երկրի նախագահը։

Ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնում մնաց Հրաչիկ Թավադյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էլ կրկին Միքայել Անդրեասյանն է։ Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն էլ միաձայն վերընտրվեց իր պաշտոնում։

ՀՇՖ նախագահի առաջարկով նշանակվեցին նաեւ հանձնաժողովներն ու դրանք նախագահները։ Երբ Սերժ Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք որեւէ մեկը ունի ուրիշ առաջարկություններ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը առաջարկեց ստեղծել եւ հաստատել առանձին ռեյտինգի հանձնաժողով։

Վարդապետյանի առաջարկը Սերժ Սարգսյանին դուր չեկավ։

«Ինչո՞ւ պետք է այստեղ հաստատենք․․․Դա աշխատանքային հարց է։ Այդ դեպքում ֆեդերացիայի նախագահությունն ու խորհուրդն ինչո՞ւ ենք ընտրել։ Մեր կանոնադրությունում այդպիսի բան չկա։ Դու կարողա ՖԻԴԵ-ի կանոնադրությունը գիտես, բայց մենք ղեկավարվում ենք մեր կանոնադրությամբ, որին ես ծանոթ եմ»,- զայրացավ ՀՇՖ նախագահը։

Աշոտ Վարդապետյանն էլ շարունակեց «Ուրիշ երկրների ֆեդերացիաներում նման հանձնաժողով կա, մեր կանոնադրությունում չկա։ Արդեն վախենում եմ մի բան ասել․․․»։

«Մի վախեցող էլ լինես․․․ Ինչի՞ց ես վախենում։ Եթե մեր կանոնադրությունում որոշակի փոփոխություններ անենք, անպայման կզեկուցենք։ Մենք ուզում ենք, որ մեր խորհրդի կազմում մեծ թիվ կազմեն գործող գրոսմայստերները, բայց ինչպես հայտնի է, բոլոր գրոսմայստերներին նույնիսկ շատ հայտնի հարսանիքներին հնարավոր չէ միասին հավաքել։ Ինչ հարցեր ու խնդիրներ կան, կլուծենք, միաժամանակ Աշոտ Վարդապետյանի հնչեցրած հարցերն էլ կլուծենք, եւ նա մեզ չի վախեցնի իր վախենալով»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը։

Լուսինե Շահբազյան                                                                                            

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով