15:46  ,  8 հուլիսի, 2017

Սմբատ Լպուտյան. ՀՇՖ-ի աշխատանքը համարում եմ օրինակելի ամբողջ աշխարհի համար

Երեւանի շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսը: Նախքան ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ժամանումը, ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ հաշվետվությամբ է հանդես գալու ֆեդերացիայի նախագահի առջեւ:

«Մինչ այս կոնֆերանսը, երբ պարբերաբար վերանայում էի հաշվետվությունը, զարմանում եւ ուրախանում էի, որ բավական շատ են հայ շախմատիստների հաղթանակներն ու ձեռք բերումները: Իհարկե, կան որոշ բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ, մեծ ուրախությամբ եմ ներկայացնելու այս 4 տարիների աշխատանքը, որովհետեւ վստահ կնշեմ, շախմատում ուրախանալու շատ տեղ ունենք: Մրցաշարերից վերադառնում ենք հաղթանակներով, ձեռքբերումներն օր օրի ավելանում են, նորամուծություններում հաջողում ենք: Չեմ վախենա ասել, շախմատն ամենազարգացածն աշխարհում Հայաստանում է: Այս 4 տարիների ընթացքում 29 միջազգային մրցաշար ենք անցկացրել, ունեցել ենք 120-ին մոտ հաղթանակներ, որից շուրջ 60-ն առաջին տեղն են զբաղեցրել:

Ես համարում եմ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի աշխատանքն այնպիսին, որը օրինակելի է ամբողջ աշխարհի համար:

Մեզ շատ են ուրախացնում մեր շախմատիստները: Վերջերս Լեւոն Արոնյանը բոլորիս մեծ ուրախություն պարգեւց, բոլորին ասելով, որ ինքը կրկին վերադարձել է, որ ինքը Լեւոն Արոնյանն է»,- ասաց Սմբատ Լպուտյանը:

Արդեն Ֆեդերացիայի նախագահի ներկայությամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը մանրամասն ներկայացրեց անցած 4 տարիների ֆեդերացիայի կատարած աշխատանքը, շախմատիստների գրանցած հաջողությունները, ներկայացրեց նաեւ մարզերում շախմատի մասսայականության խնդիրը, մարզադպրոցների բացակայության հարցը:

«Երեւանն այսօր աշխարհի ամենաշախմատային քաղաքն է: 1800-ից ավել երեխա այսօր արդեն հաճախում է շախմատի: Մենք ակնկալում ենք մինչեւ 2500 երեխաների հաճախում: Ֆեդերացիան անում են ամեն բան մարզերում եւս շախմատը մասսայականացնել: Փորձում ենք այնպես անել, որ մարզերը զարգացման առումով չզիջեն Երեւանին, քանի որ մայրաքաղաքում շատ արագ է զարգանում եւ ընդլայնվում շախմատը:

Ես ինքս շատ գոհ եմ Հայաստանում շախմատի զարգացման  ընթացքից»,- մանրամասնեց Սմբատ Լպուտյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով