15:46 8 հուլիսի, 2017Երեւանի շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսը: Նախքան ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ժամանումը, ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ հաշվետվությամբ է հանդես գալու ֆեդերացիայի նախագահի առջեւ:
«Մինչ այս կոնֆերանսը, երբ պարբերաբար վերանայում էի հաշվետվությունը, զարմանում եւ ուրախանում էի, որ բավական շատ են հայ շախմատիստների հաղթանակներն ու ձեռք բերումները: Իհարկե, կան որոշ բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ, մեծ ուրախությամբ եմ ներկայացնելու այս 4 տարիների աշխատանքը, որովհետեւ վստահ կնշեմ, շախմատում ուրախանալու շատ տեղ ունենք: Մրցաշարերից վերադառնում ենք հաղթանակներով, ձեռքբերումներն օր օրի ավելանում են, նորամուծություններում հաջողում ենք: Չեմ վախենա ասել, շախմատն ամենազարգացածն աշխարհում Հայաստանում է: Այս 4 տարիների ընթացքում 29 միջազգային մրցաշար ենք անցկացրել, ունեցել ենք 120-ին մոտ հաղթանակներ, որից շուրջ 60-ն առաջին տեղն են զբաղեցրել:
Ես համարում եմ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի աշխատանքն այնպիսին, որը օրինակելի է ամբողջ աշխարհի համար:
Մեզ շատ են ուրախացնում մեր շախմատիստները: Վերջերս Լեւոն Արոնյանը բոլորիս մեծ ուրախություն պարգեւց, բոլորին ասելով, որ ինքը կրկին վերադարձել է, որ ինքը Լեւոն Արոնյանն է»,- ասաց Սմբատ Լպուտյանը:
Արդեն Ֆեդերացիայի նախագահի ներկայությամբ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը մանրամասն ներկայացրեց անցած 4 տարիների ֆեդերացիայի կատարած աշխատանքը, շախմատիստների գրանցած հաջողությունները, ներկայացրեց նաեւ մարզերում շախմատի մասսայականության խնդիրը, մարզադպրոցների բացակայության հարցը:
«Երեւանն այսօր աշխարհի ամենաշախմատային քաղաքն է: 1800-ից ավել երեխա այսօր արդեն հաճախում է շախմատի: Մենք ակնկալում ենք մինչեւ 2500 երեխաների հաճախում: Ֆեդերացիան անում են ամեն բան մարզերում եւս շախմատը մասսայականացնել: Փորձում ենք այնպես անել, որ մարզերը զարգացման առումով չզիջեն Երեւանին, քանի որ մայրաքաղաքում շատ արագ է զարգանում եւ ընդլայնվում շախմատը:
Ես ինքս շատ գոհ եմ Հայաստանում շախմատի զարգացման ընթացքից»,- մանրամասնեց Սմբատ Լպուտյանը:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.