19:06  ,  20 հունիսի, 2017

«Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն». Սկիզբը դրված է

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի մտահղացմամբ հիմնվել է «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» հասարական կազմակերպությունը, որը զբաղվելու է Հայաստանում ֆուտբոլի մասսայականացմամբ եւ զարգացմամբ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Սամվել Ղասաբօղլյանը: Հայաստանի վետերան ֆուտբոլիստները մեծ կազմով էին եկել լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում նաեւ մեկնարկ տրվեց կազմակերպության անդամագրությանը: Նախկին եւ ներկա ֆուտբոլիստները, մարզիչները, ֆուտբոլով զբաղվող եւ արդեն ֆուտբոլից հեռացածները,  ֆուտբոլի սիրահարները կարող են լինել այս կազմակերպության անդամ:

Վետերանների կազմակերպության համահիմնադիր Էդիկ Մարգարյանը ներկայացրեց, թե ինչ նպատակով են վետերանները որոշել զբաղվել Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ:

«Արդեն կար գրանցված վետերանների կազմակերպություն, որը չէր ընդգրկում բոլոր վետերաններին: Միայն «Արարատ » թիմի վետերաններն են այնտեղ ընդգրկված:

Նպատակ ունենք մեկ հարկի տակ համախմբել բոլոր այն շահագրգիռ մարդկանց եւ կազմակերպություններին, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը: Փորձելու ենք մեր կազմակերպած միջոցառումներով խթանել ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում ֆուտբոլի զարգացումը, հայկական ֆուտբոլի միջազգային ճանաչումը: Կազմակերպության անվան մեջ ընդգրկել ենք նաեւ «պատանիների համերաշխություն», քանի որ սերտ համագործակցելու ենք երեխաների, պատանիների հետ, մեր փորձն ենք փոխանցելու նրանց:

Այս ակումբում մեծ դեր են ունենալու Հայաստանի տարբեր տարիների ազգային հավաքականների խաղացողները, վնասվածք ստացած եւ ֆուտբոլից հեռացած ֆուտբոլիստներ:

Հիմնելու ենք հայկական ֆուտբոլի պատմության թանգարան, որտեղ կլինեն տարբեր տարիների ազգային հավաքականների մասին նյութեր, ձայնագրություններ, մարզաշապիկներ, լուսանկարներ, գնդակներ»,- ասաց Էդիկ Մարգարյանը:

Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ, նախկին ֆուտբոլիստ, կազմակեևպության համահիմնադիր Յուրա Մամիկոնյանի խոսքով վետարանների ակումբի առանցքային խնդիրը բակային ֆուտբոլի մշակույթը վերադարձնելն է: 

«Կազմակերպության կարիքը կար: Մեր առաքելւթյուններից մեկը բակերի բազմաֆունկցիոնալ փոքր դաշտերը խնամելն է: Այսօր այդ դաշտերն անտարբերության են մատնված: Եղել են դեպքեր, որ բակերում գործող ֆւտբոլի դաշտւմ թաղի լավ տղերքը արհեստական խոտածածկի վրա հաց են կերել, մի բաժակ խմել, եղել են դեպքեր նաեւ որ արհեստական ծածկույթի մի հատված քաղաքացիները կտրել են, տարել իրենց տների շեմին են դրել, որպես ոտք սրբելու կտոր: Սկսելու ենք այդ դաշտերի խնամքով զբաղվել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին, մրցումներ, հանդիպումներ անցկացնենք»,- նկատեց Յուրա Մամիկոնյանը:

Կազմակերպությունը համագործակցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: 

«Առանց ՀՖՖ-ի հետ համագործակցության Հայաստանում ոչ ոք իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Արդեն համագործակցությունը սկսվել է: Հունիսի 23-ին կայանալու է արդեն մեր առաջին միջոցառումը Սեւանի քրեակատարողական հիմնարկում: Այնտեղ կա հրաշալի ֆուտբոլի մարզադաշտ: Անցկացնելու ենք վետերանների եւ կալանավորների միջեւ ֆուտբոլային հանդիպում: ՀՖՖ-ն տրամադրել է արդեն մարզաշապիկները, գնդակները, մրցավարն էլ կլինի ՀՖՖ-ից»,- նշեց Էդիկ Մարգարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում