21:50  ,  19 հունիսի, 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Արսեն Ջուլֆալակյանը մրցումների չի մասնակցում իմ որոշումով, Միհրան Հարությունյանը դեռ ապաքինվում է

Լոդնոնի Օլիմպիական խաղերի փոխչմեպիոն Արսեն Ջուլֆալակյանը մրցաշարերին, Եվրոպայի, աշխարհի առաջնությանը չի մասնակցում Լեւոն Ջուլֆալակյանի որոշմամբ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսում են օգոստոսին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստման փուլը: Թբիլիսիի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմշամարտի 75 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալակիր դարձավ Կարապետ Չալյանը: Այս քաշային կարգում է հանդես գալիս նաեւ Արսեն Ջուլֆալակյանը:

Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ ինքը թույլ չի տալիս իր որդուն մասնակցել մրցումների.

«Ես եմ նրան արգելում այս շրջանում մասնակցել մրցաշարերի փոփոխված օրենքներով. լուրջ ըմբիշների համար այս օրենքներով գոտեմարտելը շատ վատ է ու վնաս: Մեր ըմբշամարտը դարձրել են սումո: Փչացրել են: Ինձ համար սա անընդունելի է: Իսկապես, անհեթեթություն է նման օրենքներով գոտեմարտ անցկացնելը:  Աշխարհի առաջնությանը Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու: Արսեն Ջուլֆալակյանը շատ լավ մարզվում է, ես ինքս եմ հետեւում նրա մարզումներին: Մենք կսպասենք մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը, քանի որ նորից նախկին բարի օրենքները, չորեքթաթ դրությունը կվերադառնան»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Անդրադառնալով Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի վերադառնալուն՝ մարզիչը նշեց.

«Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է, հավաքականի լիարժեք անդամ է: Եթե նա իրոք լիարժեք ապաքինվի, հավաքականի դռները բաց են նրա առաջ: Նա ոչ մի խախտում չի արել, պետք է մրցումների մասնակցի, հետագայում արդեն նրա ցույց տված արդյունքների շնորհիվ կորոշվի՝ նա կշարունակի հանդես գալ հավաքականում, թե ոչ:

Այս շրջանում Միհրան Հարությունյանը դեռեւս ապաքինվում է: Ունի նաեւ ուսի վնասվածք: Մարզիկի ճակատագրի հետ խաղ անել չենք կարող, կսպասենք նրա լիարժեք ապաքինվելուն»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով