16:27  ,  19 հունիսի, 2017

Արայիկ Բաղդադյան. Արմեն Մկրտչյանը նոր շունչ տվեց թիմին, այժմ ղեկը հանձնում ենք Հապետնակ Կուրղինյանին

Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը չէր ցանկանա կրկին գլխավորել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Արմեն Մկրտչյանի հեռանալուց հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արայիկ Բաղդադյանը, որին փոխարինել էր Արմեն Մկրտչյանը հավաքականի մարզիչի պաշտոնում:

«Ես արդեն պաշտոն զբաղեցնում եմ: Ըստ պահանջի եմ հեռացել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Երբ իմացա, որ Արմեն Մկրտչյանը ընդունել է Գագիկ Ծառուկյանի հրավերը, հենց նույն օրը հրաժարականիս դիմումը ներկայացրի: Մենք լավ աշխատանք ենք ունեցել թիմի հետ, միայն վերջում անհաջողությունն էին լինում, արդյունքներն էին պակասում:

Արմեն Մկրտչյանը նոր շունչ տվեց թիմին, շատ լավ աշխատանք եղավ այս կարճ ժամանակահատվածում: Այժմ ղեկը հանձնում ենք Հապետնակ Կուրղինյանին: Նա միշտ եղել է հավաքականում, նա պատրաստված մարզիչ է եւ կարող է թիմին նախապատրաստել աշխարհի առաջնությանը: Նրան կօգնի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը, ով Արմեն Մկրտչյանի հետ սկսել էր մարզչական աշխատանքը հավաքականում եւ օգնում էր գլխավոր մարզիչին: Մենք բոլորս հետեւողական կլինենք հավաքականի աշխատանքին, կօգնենք թիմին եւ մարզիչներին»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Անդրադառնալով 2013 թվականի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի հավաքական վերադառնալուն, Արայիկ Բաղդադյանի նշեց.

«Դավիթ Սաֆարյանը երկու ամիս է, ինչ սկսել է մարզումները: Աշխարհի առաջնությանը երեւի չի հասցնի համապատասխան մարզավիճակ ձեռք բերել: Դեռ վերջնական պարզ չէ, նա կմասնակցի առաջիկա մրցաշարերին, թե ոչ: Մինչեւ հոկտեմբեր Դավիթ Սաֆարյանը որոշում կկայացնի՝ շարունակում է մնալ սպորտում, թե ավարտում է մարզական կարիերան»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով