21:23  ,  17 հունիսի, 2017

Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել եւ հեռացել Հայաստանից

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հրաժարական է տվել եւ հեռացել Հայաստանից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնի դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը այլեւս չի գլխավորի հավաքականը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեռեւս պաշտոնապես չի հաստատել, սակայն չի հերքում շրջանառվող լուրերը:

2017 թվականի հունվարի 21-ից ազգային հավաքականը գլխավորած Արմեն Մկրտչյանն այս օրերին Հայաստանում չի գտնվում, վերադարձել է Բելգիա ընտանեկան խնդիրների պատճառով:

NEWS.am Sport-ի թղթակիցը խոսեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի հետ, որը նաեւ ազատ ոճայինների նախկին գլխավոր մարզիչն է: Նա խուսափողական պատասխան տվեց՝ հայտնելով, որ ավելի մանրամասն հարցին ֆեդերացիան եւ մարզչական շտաբը կպատասխանեն հունիսի 19-ին:

NEWS.am Sport-ի տեղեկություններով օլիմպիական փոխչեմպիոնը Թբիլիսիի մրցաշարից առաջ Երեւանում վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացրել «Օլիմպավանում», որից հետո հեռացել է Հայաստանից: Արմեն Մկրտչյանը թիմի հետ նույնիսկ Վրաստան չի մեկնել:

Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոնը բնակվում էր Գերմանիայում, Հայաստան էր վերադարձել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եւ նշանակվել գլխավոր մարզիչ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով