14:51  ,  7 հունիսի, 2017

283 կմ ուլտրամարաթոն. Ամերիկահայ կինը Վարդենիսից կվազի մինչեւ Հադրութ

Ես մանկուց սպորտում եմ եւ ամենուր ներկայացնում եմ Հայաստանը, բայց այդ մասին ոչ ոք չգիտի: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկաբնակ լեռնագնաց, արշավորդ, վազորդ, 42-ամյա Թելմա Ղազարեան Ալթունին: Վազորդուհին Հայաստանում է 283 կմ երկարությամբ ուլտրամարաթոն իրականացնելու նպատակով.  վազքը կիրականացվի Վարդենիսից դեպի Հադրութ`Janapar Trail լեռնային արահետով:

Երկու երեխաների մայր Թելա Ղազարեանը մեծ ոգեւորությամբ է պատրաստվում իր վազքին: Լրագրողների հետ հանդիպմանը եկել էր Հայաստանի ու Արցախի դրոշները պատկերող շապիկով: Նա պատմեց, որ 283 կմ երկարությունը նրա ռեկորդը չէ. հաղթահարել է ավելի երկար տարածություն:

«Գաղափարը ծագել է երկու տարի առաջ: Ես եւ ինձ վազքի ընթացքում ուղեկցող, ամերիկացի Հանս Քայֆերը, ով նման արշավներ է իրականացնում լեռնային հեծանիվներով, որոշեցինք, որ ուզում ենք մի ինչ-որ լավ բան անել Հայաստանի համար, մեր ուժն ու էներգիան տալ լավ նպատակի համար: Janapar Trail արշավային արահետի մասին ինձ պատմել է Հանսը: Ասաց, որ նման վազքարշավ ոչ ոք չի իրականացրել, առաջինը մենք վազենք: Այդտեղից ծնվեց ծրագիրը, դրեցինք նաեւ նպատակ, որ նաեւ գումար հավաքենք արահետի բարելավման համար, որպեսզի արշավորդները մեկ ուղղություն ունենան Հայաստանից Արցախ:

Ճանապարհն ուսումնասիրված է, գիտենք բոլոր դժվարությունները, անանցանելի վայրերը, հատվածները: Երկու տարի արդեն ուսումնասիրում եմ արահետը GPR-ով, գիտեմ, որքան պետք է բարձրանալ, իջնել, լողալ, ցեխերի միջով անցնել, քարքարոտ վայրերը որտեղ են:

Ըստ նախնական տվյալների, 3 օր է տեւելու վազքը: Գիշերները ուզում էինք չկանգնել, բայց ապահովության համար երեւի միայն առաջին գիշերը կփորձենք վազել, բայց երկրորդ եւ երրորդ գիշերը կանգնենք մի տեղ: Հունիսի 8-ին սկսում ենք, ցանկանում ենք հունիսի 10-ի գիշերը ժամը 10-ին հասնենք Հադրութ:

Հայաստանը լեռնային երկիր է, սարեր, քարեր, ձորեր, բայց ինձ չեն վախեցնում այդ բարդությունները: Ես ինձ հետ ունեմ թալիսման, դա իմ խաչն է, եւ այն միշտ ինձ օգնում է իմ առջեւ դրած բարդությունները հաղթահարել: Ամբողջ կյանքս վազել եմ,  աշխարհի շուրջը վազել եմ՝ Հայաստանի դրոշը պարզած, մեջքիս կրած ու Հայաստանը պրոպագանդելով: Ես մանկուց սպորտում եմ եւ ամենուր ներկայացնում եմ Հայաստանը, բայց այդ մասին ոչ ոք չգիտի»,- մանրամասնեց Թելմա Ղազարեանը: 

Վազորդուհին ծնվել է Իրանում, պատանեկության տարիներից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ սկսել է վազել ու սիրահարվել այս մարզաձեւին:

«Ես շատ ակտիվ էի պատանեկան տարիքում: Շատ էի սիրում վազել, տղաներին հաղթում էի վազքով: Դպրոցական վազքի մասնակցեցի եւ ռեկորդ սահմանեցի իմ տարիքայինների մեջ՝ 1500 մետր: Ուսուցիչս ասաց, որ լավ տվյալներ ունեմ եւ ավագ դպրոցի թիմում պետք է ընդգրկվեմ: Այդ օրվանից 4 տարի անընդմեջ եւ մասնակցում էի մրցումների: Համալսարանից հետո ամուսնացա, երեխաներ ունեցա եւ 32 տարեկանից նորից սկսեցի վազել, լեռնագնացությամբ զբաղվել: Արդեն ինձ համար վազքն ու արշավները դարձան կենսակերպ ու նպատակ՝ ամենուր լինել Հայաստանի դրոշով, ներկայացնել ու պրոպագանդել իմ հայրենիքը: Հիմա երեխաներս արդեն մեծ են՝ աղջիկս 14 եւ տղաս 11 տարեկան: Ամուսինս էլ ինձ շատ օգնում է, քաջալերում սպորտի հանդեպ իմ սերն: Նրանք դեռ Հայաստանում չեն, բայց վազքից հետո կմիանան ինձ, կհանդիպենք Երեւանում: Ի դեպ, ամուսինս նույնպես հայ է, մենք արմատներով Վանից ենք»,- նշեց վազորդուհին:

Թելմա Ղազարեան Ալթունին կվազի միայնակ, բայց նրա հետ կլինի ուղեկցորդ՝ ամերիկացի արշավորդ, հեծանվորդ Հանս Քայֆերը: Նա Թելմային կուղեկցի լեռնային հեծանիվով: Թելմայից առաջ կլինի նաեւ սննդով, ջրով, հագուստով մեքենա, որը նախքան Թելմայի տվյալ տարածությունը վազել է, կանցնի ճանապարհով: Վարդենիսից մինչեւ Հադրութ ճանապարահատվածներում լինելու են նաեւ շտապօգնության մեքենաներ, որոնք հարկ եղած դեպքում անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն: Ուղիղ հեռարձակում չի լինելու, բայց նկարահանող խումբ եւս կուղեկցի Թելմային, որպեսզի այն ցուցադրվի ԱՄՆ հեռուստաընկերություններով:

«Հայ Լեռնագնացների միություն-Հայաստան» կազմակերպության նախագահ Գեւորգ Գասպարյանի խոսքով, ուլտրամարաթոնը նպատակ ունի Հայաստանում եւ Արցախում զարգացնել զբոսաշրջությունը:

«Թելմայի վազքն ինքնանպատակ չէ,  եւ խնդիրը միայն հայկական լեռնաշխարհի պրոպագանդան չի լինելու: Վազքի հետ մեկնարկելու է նաեւ դրամահավաք. մարդիկ նվիրատվություններ են անելու՝ ուղղված այս արշավային արահետի զարգացմանը: Ամեն օր, ամեն ժամ մարդիկ կարող են իրեն հետեւել տարբեր համայնքներում ու բնակավայրերում: Մեր նպատակն այն է, որ արշավային արահետն ավելի հասանելի եւ մատչելի լինի բոլոր զբոսաշրջիկների համար: Սա կլինի հարմար եւ արշավային մեկ ուղղություն դեպի Արցախ»,- ասաց Գեւորգ Գասպարյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով