14:51 7 հունիսի, 2017Ես մանկուց սպորտում եմ եւ ամենուր ներկայացնում եմ Հայաստանը, բայց այդ մասին ոչ ոք չգիտի:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկաբնակ լեռնագնաց, արշավորդ, վազորդ, 42-ամյա Թելմա Ղազարեան Ալթունին: Վազորդուհին Հայաստանում է 283 կմ երկարությամբ ուլտրամարաթոն իրականացնելու նպատակով. վազքը կիրականացվի Վարդենիսից դեպի Հադրութ`Janapar Trail լեռնային արահետով:
Երկու երեխաների մայր Թելա Ղազարեանը մեծ ոգեւորությամբ է պատրաստվում իր վազքին: Լրագրողների հետ հանդիպմանը եկել էր Հայաստանի ու Արցախի դրոշները պատկերող շապիկով: Նա պատմեց, որ 283 կմ երկարությունը նրա ռեկորդը չէ. հաղթահարել է ավելի երկար տարածություն:
«Գաղափարը ծագել է երկու տարի առաջ: Ես եւ ինձ վազքի ընթացքում ուղեկցող, ամերիկացի Հանս Քայֆերը, ով նման արշավներ է իրականացնում լեռնային հեծանիվներով, որոշեցինք, որ ուզում ենք մի ինչ-որ լավ բան անել Հայաստանի համար, մեր ուժն ու էներգիան տալ լավ նպատակի համար: Janapar Trail արշավային արահետի մասին ինձ պատմել է Հանսը: Ասաց, որ նման վազքարշավ ոչ ոք չի իրականացրել, առաջինը մենք վազենք: Այդտեղից ծնվեց ծրագիրը, դրեցինք նաեւ նպատակ, որ նաեւ գումար հավաքենք արահետի բարելավման համար, որպեսզի արշավորդները մեկ ուղղություն ունենան Հայաստանից Արցախ:
Ճանապարհն ուսումնասիրված է, գիտենք բոլոր դժվարությունները, անանցանելի վայրերը, հատվածները: Երկու տարի արդեն ուսումնասիրում եմ արահետը GPR-ով, գիտեմ, որքան պետք է բարձրանալ, իջնել, լողալ, ցեխերի միջով անցնել, քարքարոտ վայրերը որտեղ են:
Ըստ նախնական տվյալների, 3 օր է տեւելու վազքը: Գիշերները ուզում էինք չկանգնել, բայց ապահովության համար երեւի միայն առաջին գիշերը կփորձենք վազել, բայց երկրորդ եւ երրորդ գիշերը կանգնենք մի տեղ: Հունիսի 8-ին սկսում ենք, ցանկանում ենք հունիսի 10-ի գիշերը ժամը 10-ին հասնենք Հադրութ:
Հայաստանը լեռնային երկիր է, սարեր, քարեր, ձորեր, բայց ինձ չեն վախեցնում այդ բարդությունները: Ես ինձ հետ ունեմ թալիսման, դա իմ խաչն է, եւ այն միշտ ինձ օգնում է իմ առջեւ դրած բարդությունները հաղթահարել: Ամբողջ կյանքս վազել եմ, աշխարհի շուրջը վազել եմ՝ Հայաստանի դրոշը պարզած, մեջքիս կրած ու Հայաստանը պրոպագանդելով: Ես մանկուց սպորտում եմ եւ ամենուր ներկայացնում եմ Հայաստանը, բայց այդ մասին ոչ ոք չգիտի»,- մանրամասնեց Թելմա Ղազարեանը:
Վազորդուհին ծնվել է Իրանում, պատանեկության տարիներից տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ սկսել է վազել ու սիրահարվել այս մարզաձեւին:
«Ես շատ ակտիվ էի պատանեկան տարիքում: Շատ էի սիրում վազել, տղաներին հաղթում էի վազքով: Դպրոցական վազքի մասնակցեցի եւ ռեկորդ սահմանեցի իմ տարիքայինների մեջ՝ 1500 մետր: Ուսուցիչս ասաց, որ լավ տվյալներ ունեմ եւ ավագ դպրոցի թիմում պետք է ընդգրկվեմ: Այդ օրվանից 4 տարի անընդմեջ եւ մասնակցում էի մրցումների: Համալսարանից հետո ամուսնացա, երեխաներ ունեցա եւ 32 տարեկանից նորից սկսեցի վազել, լեռնագնացությամբ զբաղվել: Արդեն ինձ համար վազքն ու արշավները դարձան կենսակերպ ու նպատակ՝ ամենուր լինել Հայաստանի դրոշով, ներկայացնել ու պրոպագանդել իմ հայրենիքը: Հիմա երեխաներս արդեն մեծ են՝ աղջիկս 14 եւ տղաս 11 տարեկան: Ամուսինս էլ ինձ շատ օգնում է, քաջալերում սպորտի հանդեպ իմ սերն: Նրանք դեռ Հայաստանում չեն, բայց վազքից հետո կմիանան ինձ, կհանդիպենք Երեւանում: Ի դեպ, ամուսինս նույնպես հայ է, մենք արմատներով Վանից ենք»,- նշեց վազորդուհին:
Թելմա Ղազարեան Ալթունին կվազի միայնակ, բայց նրա հետ կլինի ուղեկցորդ՝ ամերիկացի արշավորդ, հեծանվորդ Հանս Քայֆերը: Նա Թելմային կուղեկցի լեռնային հեծանիվով: Թելմայից առաջ կլինի նաեւ սննդով, ջրով, հագուստով մեքենա, որը նախքան Թելմայի տվյալ տարածությունը վազել է, կանցնի ճանապարհով: Վարդենիսից մինչեւ Հադրութ ճանապարահատվածներում լինելու են նաեւ շտապօգնության մեքենաներ, որոնք հարկ եղած դեպքում անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն: Ուղիղ հեռարձակում չի լինելու, բայց նկարահանող խումբ եւս կուղեկցի Թելմային, որպեսզի այն ցուցադրվի ԱՄՆ հեռուստաընկերություններով:
«Հայ Լեռնագնացների միություն-Հայաստան» կազմակերպության նախագահ Գեւորգ Գասպարյանի խոսքով, ուլտրամարաթոնը նպատակ ունի Հայաստանում եւ Արցախում զարգացնել զբոսաշրջությունը:
«Թելմայի վազքն ինքնանպատակ չէ, եւ խնդիրը միայն հայկական լեռնաշխարհի պրոպագանդան չի լինելու: Վազքի հետ մեկնարկելու է նաեւ դրամահավաք. մարդիկ նվիրատվություններ են անելու՝ ուղղված այս արշավային արահետի զարգացմանը: Ամեն օր, ամեն ժամ մարդիկ կարող են իրեն հետեւել տարբեր համայնքներում ու բնակավայրերում: Մեր նպատակն այն է, որ արշավային արահետն ավելի հասանելի եւ մատչելի լինի բոլոր զբոսաշրջիկների համար: Սա կլինի հարմար եւ արշավային մեկ ուղղություն դեպի Արցախ»,- ասաց Գեւորգ Գասպարյանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.