18:41  ,  13 ապրիլի, 2017

Էդգար Մանուչարյան. Ունենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու լավ շանսեր

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ռուսական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում գնահատել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում Հայաստանի թիմի հայտնվելու շանսերը:

«Գիտեի, որ Հայաստանի հավաքականի մարզիչը ցանկանում է ինձ տեսնել կազմում: Դրանից առաջ չէին հրավիրում, քանի որ խաղային պրակտիկա չունեի: Բայց եթե լավ մարզավիճակում եմ եւ կանոնավոր խաղում եմ, ինձ հրավիրում են: Միշտ ուրախ եմ դրան: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է գոլ խփում կամ գոլային փոխանցում կատարում: Կարեւորն այն է, որ 100 տոկոս դրսեւորեմ ինձ խաղադաշտում: Իհարկե, շատ ուրախ եմ, որ իմ դուրս գալուց հետո մենք գոլ խփեցինք Ղազախստանին: Կարծում եմ՝ մենք արժանի հաղթանակ տարանք այդ խաղում:

Այժմ մենք ունենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու լավ շանսեր: Այո, մնացել են ծանր հանդիպումներ, բայց ամեն ինչ կախված է մեզնից: Հունիսին ծանր խաղ է սպասվում Չեռնոգորիայում: Եթե հաղթենք, կբարձրանանք երկրորդ տեղ: Հետո տնային հանդիպումների շարք է: Սեփական խաղադաշտում կարելի է բոլորին հաղթել:

Ասում են՝ ես եմ ամենաուրախը Հայաստանի թիմում: Ես ամենաավագն եմ, թեեւ դա չեմ զգում եւ ինձ չեմ պահում այդպես: Ինձ 18 տարեկան եմ զգում, ոչ թե 30»,- նշել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մանուչարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է Թաիլանդից վերադարձել «Ուրալ»: Նա դարձել է հաղթական գոլի հեղինակ «Անժիի» դեմ խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով