11:22  ,  27 մարտի, 2017

Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքից քիչ անց արտակարգ վայրէջք է կատարել: Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է Ղազախստանի հավաքականի մամուլի քարտուղար Էրբոլ Կաիրովը:

«Ղազախստանի հավաքականի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Երեւանում, որտեղից մեկնում էր: Պատճառն անվադողերի հետ կապված խնդիրն էր»,- գրել է Էրբոլ Կաիրովը:

Այս առնչությամբ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ղազախստանի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից:

Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասսիի անսարքություն, այդ պատճառով, անվտանգությունից ելնելով եւ հետագա խնդիրներից խուսափելու նպատակով, օդանավը հետ է վերադարձել եւ ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում»,- նշվում է հաղորդագրությունում: 

Ղազախստանի հավաքականի հետադարձ չվերթը նախատեսվում է մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին:

Ղազախստանի հավաքականը Երեւան էր ժամանաել Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղի համար եւ պարտվեց 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով