00:15  +04,  5 մարտի, 2017

Հակոբ Սերոբյան. ՀԱՕԿ-ը խոստացել է օգնել 50 հազար եվրոյի նվեր մարզագույքի տեղափոխման եւ մաքսազերծման հարցում

50 հազար եվրո արժողությամբ նոր մարզագույք ենք նվեր ստացել, բայց դեռեւս այն Հայաստան տեղափոխելու եւ տեղադրելու խնդիր ունենք: Եթե ինձ լսեն, ես թույլ չէի տա նոր ցատկահարթակը կիսաքանդ հատակին տեղադրել, մինչեւ չվերանորոգվի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից նոր մարզագույք է նվեր ստացել՝ ցատկահարթակ, զուգափայտ, օղակներ, պտտաձող: Սակայն ցատկահարթակը տեղադրելու հետ կապված խնդիրներ կան:

«Ազատ վարժությունների մարզագույք ենք նվեր ստացել: Բավական մեծ արժեք ունեցող մարզագույք ենք ստանալու. մոտ 50 հազար եվրոյի: Փաստորեն, միջազգային ֆեդերացիայի նախագահն իր խոստումը պահեց, մեզ միայն մնում է մարզագույքը տեղափոխել Հայաստան: ՀԱՕԿ-ը խոսք է տվել մեզ օգնել, աջակցել՝ մաքսազերծման եւ տեղափոխման հարցում:

Ինչ վերաբերում է ցատկահարթակը տեղադրելու հարցին, դա խնդրի երկրորդ մասն է. Օրիգինալ մարզագույք է, բայց այս մարզադահլիճում հնարավոր չէ այն տեղադրել, մասնավորապես՝ ցատկահարթակը: Մարզադպրոցի հատակը թեք է, կիսաքանդ: Ափսոս է այդ լավ ցատկահարթակը այս հատակին դնենք: Հույս ունեմ, որ մեր մարզադպրոցը կվերանորոգվի, քանի որ ես ինքս թույլ չեմ տա, որ այս հատակի վրա այդ թանկարժեք ցատկահարթակը դրվի: Եթե այս՝ մաշված եւ կիսաքանդ փայտե ծածկույթով հատակին դնենք, կծառայի մոտ 2 տարի: Իսկ եթե հարթ հատակին լինի, 10 տարուց ավել այն մեզ կծառայի»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով