22:20  ,  4 մարտի, 2017

Հակոբ Սերոբյան. Դոհայում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կփորձարկեն ավելի բարդ տարրեր

Աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կփորձարկեն նոր, ավելի բարդ տարրեր: Արթուր Դավթյանի նոր վարժությունը մտադիր ենք գրանցել նրա անունով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 2-4-ը անցկացվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփեց առաջնության արդյունքներն ու ներկայցրեց թիմի առաջիկա անելիքները:

«Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից: Գոհ եմ Վահագն Դավթյանից, Հարություն Մերդինյանից: Նա դաստակի կոտրվածք ուներ, բայց այսօր բարձր մակարդակով կատարեց վարժությունները: Հարություն Մերդինյանը պրոֆեսիոնալ է, ուղղակի մնում է՝ խոշոր մրցաշարերին իր այսօրվա սառնասրտությունը պահի, եւ ես հույս ունեմ, որ կպահի:

Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ փայլեց: Այսօր նա պետք է հանդես գար բարդ վարժությունով, բայց չարեց: Ըստ նոր կանոնադրության, նոր, բարդեցված վարժությունը չի կարող կատարել մինչեւ աշխարհի գավաթի խաղարկությունը, որպեսզի հետագայում այն կարողանանք գրանցել նրա անունով: Դոհայում՝ աշխարհի գավաթի խաղարկությունում բարդ տարրով կմասնակցի: Թույլ տարրով հանդես գալու իրավունք չունենք:

Ինձ գոհացրին նաեւ երիտասարդները: Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանը լավ մասնակցություն ունեցավ: Նա այժմ զինծառայության մեջ է, մրցմանը եկել էր զորամասից եւ այսօր կվերադառնա զորամաս: Շնորհակալ եմ, որ նրան թույլատրել էին մասնակցել Հայաստանի առաջնությանը:  Բնական է, որ նա լիարժեք չէր մարզվել, այն մարզավիճակում չէր, ինչը հարկավոր էր: Բայց դիմել ենք, որ մարտի 5-ից նրան թիմին միանալու հնարավորություն տան, մեզ հետ մասնակցի մարզումներին:

Մեզ այսօր հաճելի զարմացրեցին նաեւ պատանիները: Ունենք մի քանի լավ մարզիկներ ՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սան, 2004 թվականի ծնված Էրիկ Բաղդասարյանը, մեր դպրոցի սան Ժոռա Սմբատյանը. նրանք նախապատրաստվելու են պատանեկան Օլիմպիական խաղերին: 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում լավագույն 16 մարզիկների մեջ պետք է մտնեն, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցելու պատանեկան Խաղերին: Այս պահին ունենք 3 ուժեղ պատանի, բայց միայն մեկը պետք է մասնակցի: Նրանց վարժությունները կբարդացնենք եւ կտեսնենք, ով կարող է ներկայացնել Հայաստանը պատանեկան Խաղերում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Ավագ մարզչի փոխանցմամբ, մարմնամարզիկները ուսումնամարզական հավաք կանցնեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում մարտի 9-ից:

«Մարմնամարզիկները մարտի 20-25-ը Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Իսկ մինչ այդ հավաք կանցկացնենք այնտեղ: Հավաքին եւ գավաթի խաղարկությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Այնտեղ կփորձարկենք Արթուր Դավթյանի նոր տարրը, շատ բարդ վարժությունով հանդես կգա նաեւ Վահագն Դավթյանը օղակների վրա: Աշխարհի գավաթից հետո պարզ կլինի, թե ով ինչ հնարավորություններ ունի: Ապա կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելու ենք 6 մարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, Հարություն Մերդինյան, Վիգեն Խաչատրյան, Արմեն Պետրոսյան»,- նշեց մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս