22:20 4 մարտի, 2017Աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը կփորձարկեն նոր, ավելի բարդ տարրեր: Արթուր Դավթյանի նոր վարժությունը մտադիր ենք գրանցել նրա անունով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 2-4-ը անցկացվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփեց առաջնության արդյունքներն ու ներկայցրեց թիմի առաջիկա անելիքները:
«Գոհ եմ Հայաստանի առաջնության արդյունքներից: Գոհ եմ Վահագն Դավթյանից, Հարություն Մերդինյանից: Նա դաստակի կոտրվածք ուներ, բայց այսօր բարձր մակարդակով կատարեց վարժությունները: Հարություն Մերդինյանը պրոֆեսիոնալ է, ուղղակի մնում է՝ խոշոր մրցաշարերին իր այսօրվա սառնասրտությունը պահի, եւ ես հույս ունեմ, որ կպահի:
Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ փայլեց: Այսօր նա պետք է հանդես գար բարդ վարժությունով, բայց չարեց: Ըստ նոր կանոնադրության, նոր, բարդեցված վարժությունը չի կարող կատարել մինչեւ աշխարհի գավաթի խաղարկությունը, որպեսզի հետագայում այն կարողանանք գրանցել նրա անունով: Դոհայում՝ աշխարհի գավաթի խաղարկությունում բարդ տարրով կմասնակցի: Թույլ տարրով հանդես գալու իրավունք չունենք:
Ինձ գոհացրին նաեւ երիտասարդները: Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանը լավ մասնակցություն ունեցավ: Նա այժմ զինծառայության մեջ է, մրցմանը եկել էր զորամասից եւ այսօր կվերադառնա զորամաս: Շնորհակալ եմ, որ նրան թույլատրել էին մասնակցել Հայաստանի առաջնությանը: Բնական է, որ նա լիարժեք չէր մարզվել, այն մարզավիճակում չէր, ինչը հարկավոր էր: Բայց դիմել ենք, որ մարտի 5-ից նրան թիմին միանալու հնարավորություն տան, մեզ հետ մասնակցի մարզումներին:
Մեզ այսօր հաճելի զարմացրեցին նաեւ պատանիները: Ունենք մի քանի լավ մարզիկներ ՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սան, 2004 թվականի ծնված Էրիկ Բաղդասարյանը, մեր դպրոցի սան Ժոռա Սմբատյանը. նրանք նախապատրաստվելու են պատանեկան Օլիմպիական խաղերին: 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում լավագույն 16 մարզիկների մեջ պետք է մտնեն, որպեսզի հնարավորություն ունենան մասնակցելու պատանեկան Խաղերին: Այս պահին ունենք 3 ուժեղ պատանի, բայց միայն մեկը պետք է մասնակցի: Նրանց վարժությունները կբարդացնենք եւ կտեսնենք, ով կարող է ներկայացնել Հայաստանը պատանեկան Խաղերում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Ավագ մարզչի փոխանցմամբ, մարմնամարզիկները ուսումնամարզական հավաք կանցնեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում մարտի 9-ից:
«Մարմնամարզիկները մարտի 20-25-ը Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Իսկ մինչ այդ հավաք կանցկացնենք այնտեղ: Հավաքին եւ գավաթի խաղարկությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Այնտեղ կփորձարկենք Արթուր Դավթյանի նոր տարրը, շատ բարդ վարժությունով հանդես կգա նաեւ Վահագն Դավթյանը օղակների վրա: Աշխարհի գավաթից հետո պարզ կլինի, թե ով ինչ հնարավորություններ ունի: Ապա կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցելու ենք 6 մարզիկով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, Հարություն Մերդինյան, Վիգեն Խաչատրյան, Արմեն Պետրոսյան»,- նշեց մարզիչը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.