00:12  AMT,  28 փետրվարի, 2017

Ռոբերտ Էմմիյան. Միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները վերջնաժամկետ են դրել Հայաստանի առջեւ

Ես անհամբեր սպասում եմ մեր կառավարության կողմից վազքուղու կառուցման ֆինանսական աջակցության մի մասի փոխանցմանը, քանի որ ժամանակը քիչ է՝ մինչեւ այս տարվա հունիս. միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները վերջնաժամկետ են դրել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա արդեն մի քանի տարի սպասում է Երեւանում վազքուղի կառուցելու իր երազանքի իրականցմանը:

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված:

Պարոն Էմմիյան, ի՞նչ փուլում է վազքուղին կառուցելու Ձեր նախագիծը:

Սպասողական փուլում է արդեն շատ երկար ժամանակ: Ինձ հետ անհամբեր սպասում են նաեւ միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները: Անընդհատ հանդիպում եմ ղեկավարներին, հարցնում, հետաքրքրվում են, թե ինչ ընթացքում է, երբ է Հայաստանի կառավարությունը փոխանցելու գումարը, որպեսզի իրենք էլ տրամադրեն ֆինանսական աջակցությունն ու անմիջապես սկսեն կառուցման աշխատանքները: Ես էլ նրանց փորձում եմ հասկացնել, որ կազմակերպչական խնդիրներ կան: Նրանք եւս ցանկանում են արագացնել գործընթացը, որպեսզի մարտ-ապրիլին աշխատանքները սկսվեն:

Նախագիծը վերջնաժամկետ ունի եւ մոտենում է այն: Մեկ անգամ արդեն երկաձգեցինք. վերջնաժամկետը 2016-ի դեկտեմբերի 31-ն էր, բայց ես  միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին խնդրեցի, սպորտի նախարարությունն էլ նամակով դիմեց, որ եւս մի քանի ամսով երկարաձգվի, քանի որ ստադիոնի խնդիր ունենք: Այժմ նախագծի ժամկետը երկարաձգվեց մինչեւ հունիս: Բայց ժամանակը գնում է... Պետք չէ, որ միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների մոտ մեր երկրի վստահությունը կորցնենք: Մեր երկրի նախագահը միջազգային կառույցների ներկայացուցիչների շատ բարձր մակարդակով ընդունեց, եւ ես ուզում եմ, որ մեր հանդեպ ունեցած վստահությունն ու հավատը չկորցնենք:

Իսկ ո՞րն է ձգձգման պատճառը:

Ինձ ասացին, որ «Հրազդան» ստադիոնը սնանկ է ճանաչվել, եւ այդ պատճառով հնարավոր չէ այդ կազմակերպության վրա գումար ներդնել: Ես այս ծրագիրը 2010 թվականից եմ ցանկանում իրագործել եւ այդ ժամանակից միջազգային ֆեդերացիան ամեն վայրկյան պատրաստ է մեզ աջակցել: Ես ցանկանում եմ այս նախագծին դրական լուծում տալ, հավատում եմ, որ պետության կողմից խոստացված գումարը կլինի եւ մեր մարզիկները կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան շքեղ վաղքուղի, մարզվելու համար հրաշալի պայմաններ: Եթե «Հրազդանը» սնանկ է ճանաչված, մեծ սիրով կուզեմ վազքուղին կառուցենք «Հանրապետական» ստադիոնում: Միակ նպատակս այն է, որ Երեւանում բարձրակարգ վազքուղի ունենանք:

Մեր մարզիկները Հայաստանում նորմալ վազքուղի չունեն մարզվելու համար, պայմաններ չունեն, բայց այդ միջոցներով կարողանում են ազգային ռեկորդներ սահմանել, հաղթանակներ գրանցել: Աթլետների հաղթանակները միջազգային մրցասպարեզներում իսկական հերոսություն է: Եթե պայմաններ էլ ունենանք, մեր մարզիկների ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, միջազգային մրցումներ կկազմակերպենք հենց մեր երկրում: Ինչու պետք է գնանք օտար երկրներում մասնակցենք կամ մարզվենք:

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...