Ես անհամբեր սպասում եմ մեր կառավարության կողմից վազքուղու կառուցման ֆինանսական աջակցության մի մասի փոխանցմանը, քանի որ ժամանակը քիչ է՝ մինչեւ այս տարվա հունիս. միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները վերջնաժամկետ են դրել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա արդեն մի քանի տարի սպասում է Երեւանում վազքուղի կառուցելու իր երազանքի իրականցմանը:
Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին Ռոբերտ Էմմիյանը դիմել էր Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիային եւ միջազգային ֆեդերացիային՝ Երեւանի «Հրազդան» ստադիոնում ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով: Համաձայնություն կար նաեւ Հայաստանի կառավարության կողմից՝ ֆինանսական աջակցության մի մասը ապահովելու հարցում: Ըստ Ռոբերտ Էմմիյանի կանխատեսումների՝ վազքուղին պետք է պատրաստ լիներ 2016 թվականի մայիսին, եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին կատարեր ֆինանսական փոխանցումները: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ «Հրազդան» ստադիոնում միջազգային ստանդարտներին համապատասխանող ռետինե ծածկույթով վազքուղի կառուցելու Ռոբերտ Էմմիյանի նախագիծը հնարավոր չէ իրականացնել, քանի որ «Հրազդանը» սնանկ է ճանաչված:
Պարոն Էմմիյան, ի՞նչ փուլում է վազքուղին կառուցելու Ձեր նախագիծը:
Սպասողական փուլում է արդեն շատ երկար ժամանակ: Ինձ հետ անհամբեր սպասում են նաեւ միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները: Անընդհատ հանդիպում եմ ղեկավարներին, հարցնում, հետաքրքրվում են, թե ինչ ընթացքում է, երբ է Հայաստանի կառավարությունը փոխանցելու գումարը, որպեսզի իրենք էլ տրամադրեն ֆինանսական աջակցությունն ու անմիջապես սկսեն կառուցման աշխատանքները: Ես էլ նրանց փորձում եմ հասկացնել, որ կազմակերպչական խնդիրներ կան: Նրանք եւս ցանկանում են արագացնել գործընթացը, որպեսզի մարտ-ապրիլին աշխատանքները սկսվեն:
Նախագիծը վերջնաժամկետ ունի եւ մոտենում է այն: Մեկ անգամ արդեն երկաձգեցինք. վերջնաժամկետը 2016-ի դեկտեմբերի 31-ն էր, բայց ես միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին խնդրեցի, սպորտի նախարարությունն էլ նամակով դիմեց, որ եւս մի քանի ամսով երկարաձգվի, քանի որ ստադիոնի խնդիր ունենք: Այժմ նախագծի ժամկետը երկարաձգվեց մինչեւ հունիս: Բայց ժամանակը գնում է... Պետք չէ, որ միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաների մոտ մեր երկրի վստահությունը կորցնենք: Մեր երկրի նախագահը միջազգային կառույցների ներկայացուցիչների շատ բարձր մակարդակով ընդունեց, եւ ես ուզում եմ, որ մեր հանդեպ ունեցած վստահությունն ու հավատը չկորցնենք:
Իսկ ո՞րն է ձգձգման պատճառը:
Ինձ ասացին, որ «Հրազդան» ստադիոնը սնանկ է ճանաչվել, եւ այդ պատճառով հնարավոր չէ այդ կազմակերպության վրա գումար ներդնել: Ես այս ծրագիրը 2010 թվականից եմ ցանկանում իրագործել եւ այդ ժամանակից միջազգային ֆեդերացիան ամեն վայրկյան պատրաստ է մեզ աջակցել: Ես ցանկանում եմ այս նախագծին դրական լուծում տալ, հավատում եմ, որ պետության կողմից խոստացված գումարը կլինի եւ մեր մարզիկները կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան շքեղ վաղքուղի, մարզվելու համար հրաշալի պայմաններ: Եթե «Հրազդանը» սնանկ է ճանաչված, մեծ սիրով կուզեմ վազքուղին կառուցենք «Հանրապետական» ստադիոնում: Միակ նպատակս այն է, որ Երեւանում բարձրակարգ վազքուղի ունենանք:
Մեր մարզիկները Հայաստանում նորմալ վազքուղի չունեն մարզվելու համար, պայմաններ չունեն, բայց այդ միջոցներով կարողանում են ազգային ռեկորդներ սահմանել, հաղթանակներ գրանցել: Աթլետների հաղթանակները միջազգային մրցասպարեզներում իսկական հերոսություն է: Եթե պայմաններ էլ ունենանք, մեր մարզիկների ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, միջազգային մրցումներ կկազմակերպենք հենց մեր երկրում: Ինչու պետք է գնանք օտար երկրներում մասնակցենք կամ մարզվենք:
Լուսինե Շահբազյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։