13:12  ,  25 փետրվարի, 2017

«Արարատ» - «Արմավիր». Մարզիչների կարծիքները

Երեւանի «Արարատի» ու Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) հարավային գոտում հանդես եկող «Արմավիրի» միջեւ ստուգողական խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Արկադի Անդրեասյան («Արարատ»). «Այսօրվա խաղը ցույց տվեց, որ ֆիզիկապես թիմը պատրաստ է: Պետք է շտկենք որոշ տակտիկական գործոններ: Ցավալի գոլ բաց թողեցինք տուգանայինից: Մենք էլ կարող էինք աչքի ընկնել, սակայն չհաջողվեց օգտագործել գոլային հնարավորությունները: Փոխարինման մտած ֆուտբոլիստները լավ մտան խաղի մեջ:

Հանդիպեցինք բավականին լավ մրցակցի, որին խաղով չզիջեցինք: Հենց այսպիսի թիմերի հետ արագաուժային խաղերով կարելի է առաջընթաց գրանցել: Պատրաստվում ենք առաջնության վերսկսմանը: Ընդհանուր առմամբ, գոհ եմ նախապատրաստական փուլից: Առաջնության ընթացքը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- Անդրեասյանի խոսքը մեջբերում է «Արարատի» կայքը:

Արսեն Պապիկյան («Արմավիր»). «Արարատը» լավ, ամուր մրցակից, շատ շարժունակ թիմ է: Մեզ համար անսպասելի էր առաջին րոպեներին հանդիպել այսպիսի պրեսինգի, այսպիսի պայքարի՝ բազմաթիվ մենապայքարներով: Ընդմիջմանը տղաներին հուշեցինք, թե ինչպես պետք է գործեն: 1:0 հաշվի ժամանակ մրցակիցը վերջնականապես բացվեց, եւ մենք ստացանք ազատ գոտիներ, որոնք օգտագործեցինք: Կարող էինք խփել այլ գոլեր: Ամեն դեպքում, գոհ ենք արդյունքից ու այն ծանրաբեռնվածությունից, որը ստացան մեր ֆուտբոլիստները: Նաեւ գոհ եմ այս հավաքից: Կպատրաստվենք հաջորդ խաղին»,- Պապիկյանի խոսքը փոխանցում է «Արմավիրի» կայքը:

Հիշեցնենք, որ Երեւանում հավաք անցկացնող ռուսական ակումբն «Արարատին» հաղթել էր նվազագույն հաշվով: Արսեն Պապիկյանի գլխավորած թիմը Երեւանում կանցկացնի եւս 2 ստուգողական հանդիպում՝ մրցելով «Բանանցի» (փետրվարի 28) եւ «Բանանց-2»-ի (մարտի 3) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում