09:16  ,  1 հունվարի, 2017

Միհրան Հարությունյան. Սիրելի հայեր, իմ պաշտելի Հայաստան, սրտանց շնորհավորում եմ Ամանոր եւ Սուրբ ծնունդ

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հայրենիքում չեմպիոն ճանաչված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել իր մարզական կարիերային հետեւողներին եւ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:

«Ես շնորհակալ եմ իմ ազգին, աշխարհի բոլոր հայերին ինձ աջակցելու, գոտեպնդելու, իմ մարզական կարիերային հետեւելու, վիրահատությունից հետո ձեռքիս ապաքինումով հետաքրքրվելու, մրցագորգում սպասելու եւ իմ ուժերին հավատալու համար: Ես գորգ կվերադառնամ ավելի ուժեղ եւ հայերին ու Հայաստանին նոր հաղթական պահեր կպարգեւեմ: Միայն թե դա կլինի 7-8 ամսից ոչ շուտ:

Սիրելի հայեր, իմ պաշտելի Հայաստան, սրտանց շնորհավորում եմ Ամանոր ու Սուրբ ծնունդ, թող 2017-ը հաջողությունների ու հաղթանակների տարի լինի: Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու համար. խոնարհվում եմ բոլորիդ առջեւ»,- ասել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանը բացահայտ կողմնակալ մրցավարության հետեւանքով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից, Հայաստանն էլ՝ 15-րդ օլիմպիական չեմպիոնից: Սակայն հայերի համար Միհրան Հարությունյանը թեկուզ եւ ոչ պաշտոնական կհամարվի օլիմպիական չեմպիոն:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով