20:52  ,  27 դեկտեմբերի, 2016

Սերժ Սարգսյան. Հենրիխ Մխիթարյանի գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն պարգեւեց

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է 2016թ. Հայաստանի լավագույն տասը մարզիկների պարգեւատրությանը եւ շնորհավորական խոսքով դիմել ներկաներին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը:

«2016 թվականի ամենակարեւոր իրադարձությունը 31-րդ ամառային օլիմպիական խաղերն էին: Եւ Հայաստանը Ռիոյի օլիմպիադային ներկայացավ արժանապատվորեն: Մենք եւ դուք երկար տարիների ընդմիջումից հետո կարողացանք Հայաստան բերել օլիմպիական ոսկին: Սա շատ պատվաբեր է, եւ բոլորս շատ վառ գիտակցում ենք, որ սա տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է: 2016 թվականը նշանավորվել է Հայաստանի մարզիկների եւ ընդհանրապես հայ ժողովդրի համար մարզական մեծ ձեռքբերումներով: Այստեղ տարբեր թվեր հնչեցին, ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մեր մարզիկները Օլիմպիական խաղերում 2016 թվականի աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում շահել են 170 մեդալ: Սա շատ լավ հունձք է, կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք շարունակելու ենք սպորտի միջոցների ավելացումը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն ինձ ասում է՝ այս տարի բավականաչափ մեծացել է սպորտի բյուջեն, ես էլ ասում եմ, որ եթե այսպես շարունակվի ամեն տարի ավելի է բարձրանալու: Եթե կա արդյունք, ուրեմն այն անպայման պետք է խրախուսվի: Ես ուրախ եմ, որ ամեն տարի Հայաստանում նոր մարզադահլիճներ եւ մարզադպրոցներ են շահագործման հանձնվում, եւ սա չափազանց կարեւոր հանգամանք է: Երբ մեր հրաշալի մարզիկները տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի դրոշը, մեզ շատ լավ ենք զգում, բայց կարեւորը նաեւ այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ երեխաների, երիտասարդ սերնդի համար: Ես վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, քանի որ ունեցանք Տիգրան Պետրոսյան, Հայաստանի ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ Հայաստանի առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը ապագա ունի: Այստեղ նստած են Արարատ-73-ի տղաները, ովքեր մեզ ուղղակի հպարտության զգացողություններ են պարգեւում: Ես վստահ եմ, որ նույնիսկ երեկվա Հենրիխ Մխիթարյանի գոլը հազարավոր երիտասարդներին, երեխաներին հպարտություն պարգեւեւց: Վստահ եմ, որ Արթուր Ալեքսանյանին տեսնելով՝ բոլոր հայ տղաներն ասում են՝ ինչ կլինի, մի անգամ էլ ես դառնամ օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի արժանանամ:

Սպորտը, մասնավորապես, հաղթանակները մի շատ կարեւոր հանգամանք ունեն՝ հայ ժողովուրդը դարձնում են ավելի ճանաչելի: Ռիոյում բազմաթիվ մարդիկ կային, ովքեր երեւի չգիտեին Հայաստանի տեղը, ընդհանրապես Հայաստան բառը գուցե չէին էլ լսել: Բայց մեր տղաներն իրենց ելույթներով Հայաստանի անունը հնչեցնել տվեցին: 2017-ում մարզիկներին եւ բոլորիս մաղթում եմ հաղթանակներ: Սպորտում առանց հաջողության դժվար է բարձր ցուցանիշներ ունենալ, բայց այդ բարձր ցուցանիշները լինում են այն դեպքերում, երբ դրան նախապատրաստվում ես: Լինում են նաեւ անհաջողություններ. Միհրան Հարությունյանի հետ կապված դեպքը: Բայց այդ անհաջողությունները երբեք չպետք է որեւէ մեկին վհատեցնի, այլ հակառակը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «թասիբի» գցի, որպեսզի հաջորդ անգամ ավելի ուժեղ լինի: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Մարզիկներն արժանացել են խոշոր դրամական պարգեւների եւ Hundai Accent ավտոմեքենաների:

2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով