19:59  ,  26 դեկտեմբերի, 2016

Ըմբիշները Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ ֆուտբոլ են խաղում ու հաղթում (ֆոտոշարք)

Եթե մինի ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը մասնակցենք, վստահ եմ, որ չեմպիոն կարող ենք լինել մեր թիմով: Հունահռոմեական ըմբիշներից շատերը կարող էին լավ ֆուտբոլիստներ լինել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների հավաքականները գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալկայնի, մարզիչներ Սամվել Գեւորգյանի եւ Գեւորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Մեծահասակների հավաքին մասնակցում է թիմի ամբողջ կազմը Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ:

«Ֆուտբոլ խաղալ տղաները շատ են սիրում: Հետաքրքիր են խաղում եւ բավական հաջող: Եթե ուզենանք, կարող ենք մեր թիմով մասնակցել մինի-ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը եւ հաղթել: Ուղղակի մեր տղաները մի քիչ կոպին ֆուտբոլ են խաղում, այդ պատճառով երեւի մեզ հետ խաղալ ցանկացողներ չլինեն: Բացի ֆուտբոլից նաեւ բասկետբոլ ենք խաղում, դահուկավազքով զբաղվում: Մեր տղաների մոտ շատ լավ է ստացվում յուրաքանչյուր մարզաձեւ»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Ըմբշամարտի հավաքականների դեկտեմբերի հավաքները սովորաբար ուղղված են ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը, ծանրաբեռնված չեն եւ մարզումների մի մասն էլ խաղերի միջոցով են անցկացվում:

NEWS.am Sport-ի թղթակցի այցի օրը հունահռոմեականները ֆուտբոլ խաղացին: Արթուր Ալեքսանյանի թիմը յուրաքանչյուր խաղափուլում հաղթող էր դուրս գալիս: Օլիմպիական չեմպիոնին հեշտությամբ հաջողվում էր մրցակցի դարպասը գրավել կամ գոլային փոխանցումներ կատարել:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով