20:20  ,  15 դեկտեմբերի, 2016

Տարվա ամփոփում Փաշիկ Ալավերդյանից. Այս տարի հիացրին Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, հիասթափեցրեց Ռուբեն Ալեքսանյանը

Այս տարի ինձ հիացրին Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, հիասթափեցրեց Ռուբեն Ալեքսանյանը: Իսկ Աղասի Աղասյանը, Առաքել Միրզոյանն ու Վանիկ Ավտետիսյանն ինձ պետք չեն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով օլիմպիական տարին:

Պարոն Ալավերդյան, ինչպե՞ս կգնահատեք ավարտվող տարին:

Տարին հաջողված էր, մեդալառատ, օլիմպիական մեդալներով, բարձր նվաճումներ, չեմպիոններով: Նվաճել ենք 65 մեդալ. 26 ոսկե, 19 արծաթե, որից 2-ն օլիմպիական, եւ 20 բրոնզե:

Ի՞նչ բացթողում ունեցաք: 

Անդրանիկ Կարապետյանի ձեռքի կոտրվածքը: Սա իսկապես մեզ համար շատ մեծ բացթողում էր: Ափսոսում եմ օլիմպիական մեդալը կորցնելու համար. մեկ քայլ էր մնում Անդրանիկին Ռիոյում եթե ոչ արծաթե, վստահ բրոնզե մեդալը վերցնելու համար: Մեդալը միանշանակ կլիներ, եթե 8 կգ էլ պակաս սկսեինք երկրորդ վարժությունը: Դա մեր սխալը չէր, ես այնտեղ էլ եմ ասել: Այն ինչ եղավ Ռիոյում, միեւնույն է՝ պետք է լիներ, որովհետեւն 8 տարեկանում նա ունեցել էր վնասվածք, անցել էր: Եվ հետո, 174 կգ պոկում վարժությունից հետո ինքը ցավեր է ունեցել եւ ինձ այդ մասին չի ասել: Հիմա, որ բուժել ենք, նոր ասում է՝ այդ քաշի պոկում վարժության ժամանակ ցավ է զգացել: Եթե նա ասեր ինձ այդ պահին, ես այդքան կիլոգրամով չէի սկսի եւ մեկ մոտեցումից հետո կհանեի: Իր բրոնզը կապահովեի եւ վերջ:  Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ Անդրանիկ Կարապետյանը դրսում վիրահատվեց, այժմ արդեն ամեն ինչ նորմալ է: Հիմա վերականգնողական փուլն է անցնում: Շուտով կվերսկսի մարզումները, քաշը կբարձրացնի՝ 77-ից 85 կգ: Շատ վտանգավոր է, եթե մնա 77-ում: Եթե մնաց 77 կգ քաշային կարգում, վնասվածքը կկրկնվի: 

Ինչպե՞ս լուծեցիք Առաքել Միրզոյան - Աղասի Աղասյան - Վանիկ Ավետիսյան ծանրորդների ներքին խմորումները: Մարզիկների միջեւ հեռակա պայքար էր սկսվել Օլիմպիական խաղերի ընթացքում:

Ես նրանց հետ որեւ տարաձայնություններ չեմ ունեցել: Իրենք են իրենց մեջ անհամաձայնություններ ունեցել: Ես իմ խոսքն ասել եմ՝ իրենք ինձ պետք չէին: Եթե ես նույնիսկ 10  տեղ ավել ունենայի Ռիոյում, նրանցից ոչ մեկին չէի տանի: Մյուսներին կտանեի, բայց ոչ նրանց. ինձ պետք չեն:

Հիմա՞ էլ:

Հիմա էլ: Ընդհանրապես: Չգիտեմ, իրենք կշարունակեն մարզվել, թե ոչ: Դա ես չեմ որոշում: Մարզիկը եթե ցանկանում է մարզվել, ոչ ոք իրավունք չունի նրան արգելել: Բայց մրցումների նրանց չեմ տանելու, նրանցից ոչ մեկին: Որովհետեւ այն պահանջները, որոնք ես դնում եմ այդ 3 մարզիկների առջեւ, նրանք չեն կարողանում անել: Եթե անեն իմ պահանջները, բարձրացնեն իմ ներկայացրած կիլոգրամները, միշտ էլ տեղ կունենան:

Այս տարի ծանրորդներից ո՞վ Ձեզ հիացրեց:

Ով չէ, ովքեր... Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Նրանք ինձ համար բացահայտում չէին: Ես գիտեի, ով ինչի է ընդունակ եւ ինչ կարող է անել: Ես ունեի այս սպասելիքները եւ վստահ էի իմ տղաների ուժի վրա: Սպասելիք ունեի նաեւ Ռուբեն Ալեքսանյանից, բայց նա չարդարացրեց: Իրականում, Ռուբեն Ալեքսանյանը մարզումների ընթացքում չկարողացավ լիարժեք պատրաստվել վնասվածքների պատճառով, շատ անգամ բնավորության պատճառով: Ինչ ես էի պահանջում նրանից, չկարողացավ անել, իսկ ինչ ինքն էր պահանջում կյանքից ու սպորտից, չստացվեց:

Չեմ կարծում, թե նա կավարտի մարզական կարիերան, քանի որ դեռեւս երիտասարդ է: Բոլորն էլ հավաքականում տեղ ունեն, եթե կարողանան մարզումային պրոցեսում ցույց տալ այն արդյունքները, որոնք ես պահանջում եմ:

Առաքել Միրզոյանը կշարունակի՞ մարզվել:

Չգիտեմ, տեղեկություն չունեմ: Ինչ վերադարձել ենք Օլիմպիական խաղերից, Առաքել Միրզոյանի հետ ոչ մի կապ չեմ ունեցել:

Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալները պետք է վերադարձնենք: Շուտով պարզ կլինի նաեւ որակազրկումների մասին միջազգային ֆեդերացիայի որոշումը: Ըստ Ձեզ, ի՞նչ որոշում կկայացնի միջազգային ֆեդերացիան:

Մինչեւ դեկտեմբերի 25-ը պարզ կլինի, թե ինչ պատժամիջոց է կիրառելու միջազգային ֆեդերացիան, կորակազրկվեն մեր մարզիկները, թե ոչ: Իմ կարծիքով, 99 տոկոսով, ոչ Խուրշուդյանը, ոչ Մարտիրոսյանը չեն որակազրկվելու եւ ոչ մի տարով: Նրանք չեն մասնակցել Ռիո-2016-ին, որով էլ արդեն լրացնում են որակազրկման շրջանը: Սա իմ տեսակետն է: Սպասենք, տեսնենք, թե ինչ կանի միջազգային ֆեդերացիան:

Օլիմպիական տարվա Ձեր աշխատանքից ինքներդ գոհ ե՞ք:

Եթե ես իմ աշխատանքը գնահատեմ գերազանց, վաղը գործի չեմ գա: Ինձ թող գնահատեն ղեկավարությունը, ժողովուրդը, նրանք, ովքեր ծանրամարտը հասկանում են, նույնիսկ նրանք, ովքեր ինձ չեն ընդունում, իմ թշնամիները: Ես ինքս իմ աշխատանքը եւ մեր արդյունքները համարում եմ բավարար: Կանգ չպետք է առնենք: Մեր ազգը սիրահարված է ծանրամարտ մարզաձեւին:

Ինչո՞վ կսկսեն ծանրորդները օլիմպիական նոր մրցաշրջանը:

Եվրոպայի առաջանությունով. 2017 թվականը կսկսենք հավաքով, ապա կանցկացնենք Հայաստանի առաջնություն փետրվար 1-6 մեծահասակներ, անմիջապես հետո պատանիներ: Դրանից հետո կունենանք ուսումնամարզական հավաքներ ու կմեկնենք Խորվաթիա՝ Եվրոպայի առաջնությանը: Այդ նույն ժամանակահատվածում ունենք նաեւ պատանիների աշխարհի առաջնությունը Թաիլանդում, որը պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշ է տալու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով