20:20 15 դեկտեմբերի, 2016Այս տարի ինձ հիացրին Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, հիասթափեցրեց Ռուբեն Ալեքսանյանը: Իսկ Աղասի Աղասյանը, Առաքել Միրզոյանն ու Վանիկ Ավտետիսյանն ինձ պետք չեն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով օլիմպիական տարին:
Պարոն Ալավերդյան, ինչպե՞ս կգնահատեք ավարտվող տարին:
Տարին հաջողված էր, մեդալառատ, օլիմպիական մեդալներով, բարձր նվաճումներ, չեմպիոններով: Նվաճել ենք 65 մեդալ. 26 ոսկե, 19 արծաթե, որից 2-ն օլիմպիական, եւ 20 բրոնզե:
Ի՞նչ բացթողում ունեցաք:
Անդրանիկ Կարապետյանի ձեռքի կոտրվածքը: Սա իսկապես մեզ համար շատ մեծ բացթողում էր: Ափսոսում եմ օլիմպիական մեդալը կորցնելու համար. մեկ քայլ էր մնում Անդրանիկին Ռիոյում եթե ոչ արծաթե, վստահ բրոնզե մեդալը վերցնելու համար: Մեդալը միանշանակ կլիներ, եթե 8 կգ էլ պակաս սկսեինք երկրորդ վարժությունը: Դա մեր սխալը չէր, ես այնտեղ էլ եմ ասել: Այն ինչ եղավ Ռիոյում, միեւնույն է՝ պետք է լիներ, որովհետեւն 8 տարեկանում նա ունեցել էր վնասվածք, անցել էր: Եվ հետո, 174 կգ պոկում վարժությունից հետո ինքը ցավեր է ունեցել եւ ինձ այդ մասին չի ասել: Հիմա, որ բուժել ենք, նոր ասում է՝ այդ քաշի պոկում վարժության ժամանակ ցավ է զգացել: Եթե նա ասեր ինձ այդ պահին, ես այդքան կիլոգրամով չէի սկսի եւ մեկ մոտեցումից հետո կհանեի: Իր բրոնզը կապահովեի եւ վերջ: Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ Անդրանիկ Կարապետյանը դրսում վիրահատվեց, այժմ արդեն ամեն ինչ նորմալ է: Հիմա վերականգնողական փուլն է անցնում: Շուտով կվերսկսի մարզումները, քաշը կբարձրացնի՝ 77-ից 85 կգ: Շատ վտանգավոր է, եթե մնա 77-ում: Եթե մնաց 77 կգ քաշային կարգում, վնասվածքը կկրկնվի:
Ինչպե՞ս լուծեցիք Առաքել Միրզոյան - Աղասի Աղասյան - Վանիկ Ավետիսյան ծանրորդների ներքին խմորումները: Մարզիկների միջեւ հեռակա պայքար էր սկսվել Օլիմպիական խաղերի ընթացքում:
Ես նրանց հետ որեւ տարաձայնություններ չեմ ունեցել: Իրենք են իրենց մեջ անհամաձայնություններ ունեցել: Ես իմ խոսքն ասել եմ՝ իրենք ինձ պետք չէին: Եթե ես նույնիսկ 10 տեղ ավել ունենայի Ռիոյում, նրանցից ոչ մեկին չէի տանի: Մյուսներին կտանեի, բայց ոչ նրանց. ինձ պետք չեն:
Հիմա՞ էլ:
Հիմա էլ: Ընդհանրապես: Չգիտեմ, իրենք կշարունակեն մարզվել, թե ոչ: Դա ես չեմ որոշում: Մարզիկը եթե ցանկանում է մարզվել, ոչ ոք իրավունք չունի նրան արգելել: Բայց մրցումների նրանց չեմ տանելու, նրանցից ոչ մեկին: Որովհետեւ այն պահանջները, որոնք ես դնում եմ այդ 3 մարզիկների առջեւ, նրանք չեն կարողանում անել: Եթե անեն իմ պահանջները, բարձրացնեն իմ ներկայացրած կիլոգրամները, միշտ էլ տեղ կունենան:
Այս տարի ծանրորդներից ո՞վ Ձեզ հիացրեց:
Ով չէ, ովքեր... Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Նրանք ինձ համար բացահայտում չէին: Ես գիտեի, ով ինչի է ընդունակ եւ ինչ կարող է անել: Ես ունեի այս սպասելիքները եւ վստահ էի իմ տղաների ուժի վրա: Սպասելիք ունեի նաեւ Ռուբեն Ալեքսանյանից, բայց նա չարդարացրեց: Իրականում, Ռուբեն Ալեքսանյանը մարզումների ընթացքում չկարողացավ լիարժեք պատրաստվել վնասվածքների պատճառով, շատ անգամ բնավորության պատճառով: Ինչ ես էի պահանջում նրանից, չկարողացավ անել, իսկ ինչ ինքն էր պահանջում կյանքից ու սպորտից, չստացվեց:
Չեմ կարծում, թե նա կավարտի մարզական կարիերան, քանի որ դեռեւս երիտասարդ է: Բոլորն էլ հավաքականում տեղ ունեն, եթե կարողանան մարզումային պրոցեսում ցույց տալ այն արդյունքները, որոնք ես պահանջում եմ:
Առաքել Միրզոյանը կշարունակի՞ մարզվել:
Չգիտեմ, տեղեկություն չունեմ: Ինչ վերադարձել ենք Օլիմպիական խաղերից, Առաքել Միրզոյանի հետ ոչ մի կապ չեմ ունեցել:
Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալները պետք է վերադարձնենք: Շուտով պարզ կլինի նաեւ որակազրկումների մասին միջազգային ֆեդերացիայի որոշումը: Ըստ Ձեզ, ի՞նչ որոշում կկայացնի միջազգային ֆեդերացիան:
Մինչեւ դեկտեմբերի 25-ը պարզ կլինի, թե ինչ պատժամիջոց է կիրառելու միջազգային ֆեդերացիան, կորակազրկվեն մեր մարզիկները, թե ոչ: Իմ կարծիքով, 99 տոկոսով, ոչ Խուրշուդյանը, ոչ Մարտիրոսյանը չեն որակազրկվելու եւ ոչ մի տարով: Նրանք չեն մասնակցել Ռիո-2016-ին, որով էլ արդեն լրացնում են որակազրկման շրջանը: Սա իմ տեսակետն է: Սպասենք, տեսնենք, թե ինչ կանի միջազգային ֆեդերացիան:
Օլիմպիական տարվա Ձեր աշխատանքից ինքներդ գոհ ե՞ք:
Եթե ես իմ աշխատանքը գնահատեմ գերազանց, վաղը գործի չեմ գա: Ինձ թող գնահատեն ղեկավարությունը, ժողովուրդը, նրանք, ովքեր ծանրամարտը հասկանում են, նույնիսկ նրանք, ովքեր ինձ չեն ընդունում, իմ թշնամիները: Ես ինքս իմ աշխատանքը եւ մեր արդյունքները համարում եմ բավարար: Կանգ չպետք է առնենք: Մեր ազգը սիրահարված է ծանրամարտ մարզաձեւին:
Ինչո՞վ կսկսեն ծանրորդները օլիմպիական նոր մրցաշրջանը:
Եվրոպայի առաջանությունով. 2017 թվականը կսկսենք հավաքով, ապա կանցկացնենք Հայաստանի առաջնություն փետրվար 1-6 մեծահասակներ, անմիջապես հետո պատանիներ: Դրանից հետո կունենանք ուսումնամարզական հավաքներ ու կմեկնենք Խորվաթիա՝ Եվրոպայի առաջնությանը: Այդ նույն ժամանակահատվածում ունենք նաեւ պատանիների աշխարհի առաջնությունը Թաիլանդում, որը պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշ է տալու:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.