17:12  +04,  6 դեկտեմբերի, 2016

ՀԲՖ փոխնախագահ. Աշխարհի առաջնության հանդիպումները կընդունի մարզահամերգային համալիրը

Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի համար, որին մասնակցելու է Հայաստանի հավաքականը, պետք է վերանորոգվի մարզահամերգային համալիրի դալիճը, որտեղ էլ անցկացվելու են մեր տնային հանդիպումները:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Արա Պողոսյանը՝ անդրադառալով Հայաստանի հավաքականի առաջիկա ծրագրերին:

«Մեր բարձրակարգ մարզիկներին՝ ոչ ազգությամբ հայ, արդեն այս տարի ընդգրկել ենք հավաքականների մեջ: Ազգային հավաքականում՝ Բրայանտ Դանսթոնն է, ով արդեն Հայաստանի քաղաքացի է եւ հրաշալի խաղացող է, մինչեւ 20 տարեկանների հավաքականում Սթիվեն Էնոչը ելույթ ունեցավ, ով ապագայում հույս ունենք՝ NBA-ի խաղացող կդառնա: Մեր հիմանական ուժերը պետք է դնենք Հայաստանի հավաքականի վրա:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է հավաքականների համար եւ «Ուրարտուն» հենց դրա համար էր, որ մի ակումբ լինի, որտեղ հավաքականի բասկետբոլիստները խաղային փորձ ձեռք բերեն: 2017 թվականից ֆեդերացիան աննախադեպ թվով հավաքականներ է ներկայացնելու Եվրոպայում փոքր երկրների առաջնությունում՝ 6 հավաքական, այդ թվում եւ ազգային հավաքականը, որը ելույթ կունենա նաեւ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հույս ունենք, որ փայլուն ելույթ կունենանք, կլինենք ավելի ուժեղ, քան այս տարի էինք: Այնպես, ինչպես Հայաստանի հավաքականն առաջին անգամ նվաճել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի տիտղոսը: Մեծ հույսեր ենք կապում մինչեւ 20 տարեկանների հավաքականի հետ: 2017 թվականին այս հավաքականը շատ է ուժեղանալու: Նոր խաղացողներ ենք ունենալու աշխարհի տարբեր երկրներից»,- ասաց ֆեդերացիայի փոխնախագահը:

Ըստ Արա Պողոսյանի, աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային հանդիպումները անցկացվելու են մարզահամերգային համալիրում:

«Ուրարտուն» մեզ նաեւ մեծ օգուտ տվեց, բացի իր ուժեղագույն մարզիկներով, մեզ նվիրեց վերանորոգված «Միկա» մարզահամալիրը: Երկրի նախագահի աջակցությամբ վերանորոգվեց «Միկա» մարզահամալիրը, որը երկար տարիներ կծառայի ոչ միայն բասկետբոլին, այլեւ հայկական սպորտին: Այդպես եւս մեկ մարզադահլիճ պետք է վերանորոգվի՝ խոսքը մարզահամերգային համալիրի բասկետբոլի դահլիճի մասին է. աշխարհի առաջնության ընտրական փուլի մասնակցության հայտ ենք ներկայացրել, դա նշանակում է՝ պետք է վերանորոգվի նաեւ համալիրը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի համար մեզ անհրաժեշտ է 3000 տեղով մարզադահլիճ, իսկ «Միկան» միայն 1500 տեղանոց է: Աշխարհի առաջնության ընտրական փուլը տուն-դուրս խաղերով է եւ մեզ անհրաժեշտ է ժամանակակից հատակով մարզադահլիճ»,- հայտնեց Արա Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» հրաժարվել է Ռուսաստանի Սուպերլիգայի կանոնավոր առաջնությանը մասնակցելուց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով