15:20  +04,  6 դեկտեմբերի, 2016

«Ուրարտուի» նախագահ. Դուրս ենք գալիս ռուսական Սուպերլիգայից, Ռուսաստանի ֆեդերացիան խոչընդոտներ էր ստեղծում

Դուրս ենք գալիս Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից, քանի որ այլեւս չենք ցանկանում պարտություններ կրել, իսկ հաղթանակներ չենք կարող ունենալ: Բացի ֆինանսական խնդիրներից, պատճառներից մեկն այն էր, որ Ռուսաստանի ֆեդերացիան արեց ամեն ինչ, որ մենք բարդություններ ունենանք բարձրագույն լիգայում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Արա Պողոսյանը՝ հայտարարելով Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից դուրս գալու որոշման մասին:

Հիշեցնենք, որ Սուպերլիգայում «Ուրարտուն» կրել է 9 պարտություն, չունենալով ոչ մի հաղթանակ: Արա Պողոսյանի մեկնաբանությամբ, թիմը հոգեբանորեն կոտրված է եւ Սուպերլիգայում հաղթանակ միեւնույն է չի ունենալու:

«Պարտությունների պատճառը ֆինանսականը չէ: Պատճառը Ռուսաստանի ֆեդերացիայի բացահայտ անտարբերությունն է, փոխարինվող խաղացողների խնդիրը եւ հոգենաբական պահը: Դեկտեմբերի 2-ին, երբ ես որոշեցի, որ պետք է դուրս գանք, ինձ մարզիկներն ասում էին, որ կխաղան նույնիսկ անվճար: Բայց ես նորից չուզեցի, որովհետեւ մենք չենք կարողանալու հաղթել: Մենք զգացինք, որ մենք հյուր ենք Սուպերլիգայում: Ցանկացած հարցում Ռուսաստանի ֆեդերացիան խոչընդոտներ էր ստեղծում: Ամեն խաղից հետո մեզ անհիմն տուգանքներ էին գալիս: Երբ սկսեցինք խաղալ հակառակորդի դահլիճներում տուգանքներ էին գալիս՝ անհասկանալի, անբացատրելի: Մեզ ամեն ձեւ բացատրում էին, որ այս լիգան ձերը չէ եւ պետք է խաղանք իրենց պայմաններով: Եթե տանն էինք անցկացնում հանդիպումները, հյուրերի տոմսերը մենք էինք գնում: Մենք խնդիրներ ունեցանք հենց մեկնարկային խաղերից, մեր խաղացողներից 4-ին երեւանյան խաղում թույլ չտվեցին խաղալ՝ անհասկանալի պատճառաբանություններով, որոնց մասին իմացանք խաղից 10 րոպե առաջ: Հաջորդ խաղերում բասկետբոլիստները վնասվածքներ ստացան, որոնց չէինք կարողանում փոխարինել, քանի որ ըստ օրենքի նախապես մուծումներ պետք է անեինք, իսկ մենք այդ ֆինանսները չունեինք: Մի քանի խաղ անց մենք կորցրեցինք 3 բարձրահասակ խաղացողների»,- ասաց Արա Պողոսյանը:

«Ուրարտուի» լուծարման մասին ակումբի նախագահն նշեց, որ ակումբը չի լուծարվելու եւ բոլոր խաղացողների պարտքերը մինչեւ վերջին լուման մարվելու են:

«Մենք ունենք ֆինանսական խնդիրներ, բայց պարտք չենք մնալու մեր խաղացողներին, բոլոր պարտքերը փակելու ենք, աշխատավարձերը տալու ենք, որպեսզի պարզ ճակատով նայենք մարզիկներին: Թիմը չի լուծարվել, ուղղակի դուրս է եկել Սուպերլիգայից: Կորոշենք, թե որտեղ ենք խաղալու հունվարից հետո: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թիմը պահպանենք մինչեւ հաջորդ տարի: Հայաստանի խաղացողների մարզավիճակը հույս ունեմ, որ կպահպանվեն: Մենք ամեն ինչ կանենք, որ մեր խաղացողերը ակումբներ գտնեն եւ պահպանեն իրենց մարզավիճակը: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կարգավորվելու է եւ մենք բարձր զարգացած բասկետբոլ ենք խաղալու: Մենք դեռեւս պրոֆեսիոնալներ չենք, բայց կհասնենք դրան»,- նշեց Արա Պողոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս