15:41  ,  6 դեկտեմբերի, 2016

«Ուրարտուի» ավագ. Շատ ցավալի է, որ դուրս ենք գալիս Ռուսաստանի Սուպերլիգայից

Ամեն ինչ արեցինք, որ հաղթանակներ ունենանք, բայց չստացվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը՝ մենկաբանելով Ռուսաստանի Սուպերլիգա-1-ից դուրս գալու մասին ակումբի որոշումը:

«Ինձ համար շատ ցավալի է, որ մենք դուրս ենք գալիս Ռուսաստանի լիգայից: Մենք ունեինք մեծ հույսեր, որ լավ արդյունքներ կունենանք եւ կզարգացնենք հայկական բասկետբոլը: Մեզ համար ամեն ինչ արվեց ակումբի ղեկավարության կողմից, որ մենք լինենք բարձունքում, ունենանք հաղթանակներ, բայց կրում էինք միայն պարտություններ:

Կարծում եմ՝ այսքանով չի ավարտվի «Ուրարտու» ակումբի կյանքն ու գործունեությունը: Աշխատավարձերն այդքան խնդիր չեն, մենք չունենք ֆինանսի խնդիր, աստիճանաբար տրվում են մեր աշխատավարձերը: Կփորձեմ այլ ակումբներում խաղալ, որպեսզի պահպանեմ մարզավիճակս»,- ասաց Ամիրան Ամիրխանով:

Հիշեցնենք, որ Սուպերլիգայում «Ուրարտուն» կրել է 9 պարտություն՝ չունենալով ոչ մի հաղթանակ: Ակումբի նախագահ Արա Պողոսյանը հայտարել է, որ թիմը հոգեբանորեն կոտրված է եւ Սուպերլիգայում հաղթանակ չի ունենալու: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով