18:08  ,  18 նոյեմբերի, 2016

«Ուրարտուի» նախագահ. Ֆինանսական ճգնաժամի մեջ ենք, եւ եթե խնդիրը չլուծվի, ակումբը կլուծարվի

Երեւանի  «Ուրարտու»  բասկետբոլային ակումբը ֆինանսական ճգնաժամի մեջ է, տղաներն աշխատավարձ չեն ստանում եւ եթե այս խնդիրը չլուծվի, բնական է, որ ակումբը կլուծարվի: Բայց ես ինքս ամեն ինչ կանեմ, որ նման բան չլինի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Արա Պողոսյանը՝ մեկնաբանելով ակումբի փակման մասին շրջանառվող լուրերը:

Պարոն Պողոսյան, ի՞նչ խնդիր կա ակումբի ներսում: Ակումբի լուծարման մասին լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը:

Փակվելու, ակումբը լուծարելու մասին ընդունված որոշում չկա: Խնդիրներ ունենք, որոնք ուզում ենք լուծել: Իհարկե, չենք ցանկանում, որ թիմը լուծարվի, ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա:

Շրջանառվում են լուրեր, որ ակումբի մարզիկներն ու մարզչական շտաբը տեւական ժամանակ է աշխատավարձ չեն ստացել:

Մենք ունենք մեծ ֆինանսական պրոբլեմներ, որոնք հենց առաջին օրվանից դժվարությամբ են լուծվում: Այդ խնդիրներն առ այսօր առկա են: Փորձում ենք ինչ-որ ճանապարհներ գտնել այդ բարդ իրավիճակից դուրս գալու, ճգնաժամը հաղթահարելու համար: Ֆինանսական խնդիրներն իրենց վատ ազդեցությունն են ունենում թիմի խաղի որակի վրա. բնական է, որ դժվար է խաղալ, երբ ֆինանսական ճնշում կա քո վրա:

Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս խնդիրը: Դիմե՞լ եք Սպորտի նախարարություն կամ բասկետբոլի ֆեդերացիա՝ աջակցության համար, չէ՞ որ ակումբը ՀԱՕԿ-ի եւ ֆեդերացիայի համատեղ նախագիծն էր:

Նախարարությունը պետական մարմին է, որն ունի իր բյուջեն եւ հնարավորություն չունի օգնել պրոֆեսիոնալ ակումբին: Կարող ենք նրանցից օգնություն խնդրել, բայց տարեսկզբին նախարարության բյուջեն արդեն բաշխված է եւ նրանք միեւնույն է՝ չեն կարողանալու մեզ օգնել: Նույնը վերաբերում է բասկետբոլի ֆեդերացիային: Այս ակումբը հենց ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի համատեղ պրոեկտն է: Ֆեդերացիան էլ իր հերթին գումար է ստանում սպորտի նախարարությունից եւ գումարներն այնքան քիչ են, որ նույնիսկ բավարար չէ ներքին մրցումներ կազմակերպելու, պատանեկան բասկետբոլը զարգացնելու համար:

Ակումբը խաղում է Ռուսաստանի Սուպերլիգա 1-ում, սակայն դեռեւս միայն պարտություններ է կրում: Պատճառը ֆինասնական խնդիրնե՞րն են, թե՞ դեռ աճելու տեղ ունեն բասկետբոլիստները:

Այս խնդիրներն իհարկե իրենց ազդեցությունն ունենում են, բայց պարտությունները սպորտային մասն է։ Մեր խնդիրը կազմակերպչական է, որը փորձում ենք լուծել անկախ նրանից հաղթում ենք, թե պարտվում: Այս պահին թիմը գտնվում է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, որտեղ նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի 8-րդ տուրի հանդիպում կանցկացնի «Ուրալի» հետ: Թիմը ոչնչի պահանջ չունի, ապրում է հյուրանոցում, նորմալ սնվում է, ինքնաթիռի տոմսերը նորմալ գնվել են եւ այլն: Մենք, կրկնում եմ, պրոբլեմներ ունենք, բայց աշխատում ենք հաղթահարել:

Ե՞րբ հստակ պարզ կլինի՝ ակումբը կշարունակի գործել, թե կլուծարվի:

Ես հույս ունեմ, որ ակումբը կգործի շատ երկար տարիներ, ես անձամբ ամեն ինչ կանեմ, որ թիմը չլուծարվի: Եթե միայն իմ հնարավորություններից կախված լիներ, թիմը երկար կգոյատեւեր, կզարգանար: Բայց խնդիրները միայն ինձանից կախված չեն: Փորձում ենք լուծել՝ առանց չակերտները բացելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս