12:15  ,  11 նոյեմբերի, 2016

Հայաստան - Չեռնոգորիա. Նոր մարզիչ, նոր սպասելիքներ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին առաջին հանդիպումը կանցկացնի հայկական ֆուտբոլի լեգենդ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում հայկական թիմը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կընդունի Չեռնոգորիայի հավաքականին՝ անցկացնելով այս տարվա վերջին հանդիպումը:

Պատմություն

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի Չեռնոգորիային, որն ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի անդամ դարձել է 2007 թվականին: 1992-2003-ը Չեռնոգորիայի ուժեղագույն ֆուտբոլիստները հանդես էին գալիս Հարավսլավիայի հավաքականում, իսկ 2003-2006-ը կար Սերբիայի ու Չեռնոգորիայի հավաքական: Չեռնոգորիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2006-ին, իսկ թիմի առաջին պաշտոնական մրցաշարը եղել է ԱԱ-2010-ի ընտրական փուլը, որը հաղթահարել չի հաջողվել:

Խմբի հետնապահն ու առաջատարը

Չեռնոգորիայի հավաքականը բավական հաջող է սկսել ընտրական փուլը, որի երրորդ տուրից հետո 7 միավորով առաջատարն է: Նույնքան միավոր ունի նաեւ Լեհաստանը, որը Չեռնոգորիային զիջում է խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Հայաստանի հավաքականը 3 խաղում կրել է 3 պարտություն եւ զբաղեցնում է վերջին տեղը:

Նախորդ խաղերը

Ընտրական փուլը Չեռնոգորիան սկսեց ռումինացիների դեմ արտագնա ոչ ոքիով (1:1), այնուհետեւ 5 անպատասխան գնդակ ուղարկեց ղազախների դարպասը: Հայկական թիմի առաջիկա մրցակիցն իր բարձր կարգն ապացուցեց նախորդ տուրում, երբ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ ամուր դանիացիների նկատմամբ: Հայաստանի հավաքականը Դանիային (0:1) եւ Ռումինիային (0:5) պարտվեց չափազանց անհուսալի ու դժգույն խաղով, իսկ լեհերի հետ նախորդ խաղում պարտություն կրեց միայն ավելացված ժամանակում (1:2), թեեւ ուներ հաղթելու իրական շանսեր:

Կորուստներ

Չեռնոգորիայի հավաքականի առանցքային խաղացողներից խաղին չի մասնակցի Աբու Դաբիի «Ալ Ջազիրա» ակումբի հարձակվող Միրկո Վուչինիչը: Իտալական «Ռոմայի» եւ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը պատրաստ չէ խաղին եւ չի ժամանել Երեւան: Հայաստանի հավաքականի կորուստներն ավելի լուրջ են: «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը չի խաղա նախորդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով, չկա նաեւ պաշտպանության առանցքային խաղացողներից Հովհաննես Համբարձումյանը: Վնասվածքի պատճառով Չեռնոգորիայի հետ հանդիպումը բաց են թողնելու նաեւ Արաս Օզբիլիսն ու կիպրոսյան «Կարմիոտիսայի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, որն այս ընտրական փուլում Հայաստանի թիմի առաջատարներից էր:

Նոր մարզիչ, նոր սպասելիքներ

Հայաստանի ազգային հավաքականը մարզելու համար Արթուր Պետրոսյանը հեռացել է շվեյցարական «Ցյուրիխից», որում աշխատում էր վերջին տարիներին եւ գլխավորում երիտասարդական թիմը: Պետրոսյանը հավաքականի վերջին անհաջողությունները կապում էր հոգեբանական խնդիրների հետ, իսկ հանդիպման նախախաղային ասուլիսում նշեց, որ այդ խնդիրը կարգավորվել է: Գյումրեցի մասնագետը վստահեցրեց, որ այս հավաքի ընթացքում կատարվել է մեծ աշխատանք, որը կերեւա այսօրվա խաղում:

Անհասկանալի վիճակում գտնվող Մխիթարյանի հետ

Հայաստանի հավաքականի ավագն ու առաջատարն առանց խաղային պրակտիկայի է միացել թիմին եւ առաջին հանդիպումը կանցկացնի այս ընտրական մրցաշարում: «Մանչեսթեր Յունայթեդում» նա տեւական ժամանակ չէր խաղում: Ազդրի վնասվածքից հետո Մխիթարյանը խաղադաշտից բացակայում էր սեպտեմբերի 10-ից եւ դաշտ վերադարձավ միայն նախորդ շաբաթ՝ «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում հանդես գալով 30 րոպե: Հենրիխը վաղուց մարզվում է եւ, չունենալով խաղային պրակտիկա, արդեն ձեռք է բերել պատշաճ մարզավիճակ եւ կարող է մեծ օգուտ բերել հավաքականին, սակայն անհասկանալի է, թե Ժոզե Մոուրինյոյի կողմից վստահության պակասի պայմաններում հոգեբանական ինչ վիճակում է նա: Լեհաստանի դեմ նախորդ խաղում հայ ֆուտբոլիստները կարծես հավատացին, որ կարող են խաղալ եւ հաղթել առանց Մխիթարյանի: Այս խաղում կա Մխիթարյանը, այդ գործոնին կգումարվի նաեւ մյուս ֆուտբոլիստների վստահությունը, եւ դա կարող է լինել հաղթանակի հասնելու հիմնական նախադրյալներից մեկը:

Մրցակիցը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Չեռնոգորիայի հավաքականը վերջին հաջող ելույթներից հետո բարձրացել է 56-րդ տեղ (Հայաստանը 125-րդն է): Չեռնոգորիայի թիմում առանձնանում է հարձակման գիծը, որտեղ խաղում իտալական «Ինտերի» ռմբարկու Ստեւան Յովետիչն ու Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ֆատոս Բեչիրայը: Մրցակցի պաշտպանությունը եւս ամուր է: Այս ընտրական փուլում Չեռնոգորիան բաց է թողել միայն մեկ գոլ: 

Ընտրական փուլում հաջող մեկնարկը, իհարկե, շատ է օգնելու Չեռնոգորիայի հավաքականին, սակայն տնային խաղում այս թիմին հաղթելն իրական է եւ պետք է անպայման անել դա:

Բուքմեյքերների ֆավորիիտը

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմին, որի հաղթանակը գնահատում է 2.05 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 3.60 է, իսկ ոչ ոքին՝ 3.10:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, չորրորդ տուր

Հայաստան - Չեռնոգորիա՝ ժամը 21:00-ին

Գլխավոր մրցավար՝ Պավել Կրալովեց (Չեխիա)

Հայաստանի հավանական մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Ռուսլան Կորյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով