02:42  ,  12 հոկտեմբերի, 2016

NEWS.am Sport-ը՝ Վարշավայից. Հայաստանի թիմի ֆուտբոլիստները՝ Լեհաստանից կրած պարտության մասին

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում Լեհաստանի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո պատասխանել են լրագրողների հարցերին, Վարշավայից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մարկոս Պիզելի. «Շատ բարդ էր, քանի որ 70 րոպե խաղացինք մեկ ֆուտբոլիստ պակաս: Շատ դժվարէ խոսել, երբ պարտվում ես վերջին րոպեին: Խաղադաշտ դուրս եկած խաղացողներին պետք է ասեմ՝ ապրեն, քանի որ արեցին ամեն ինչ: Ֆուտբոլը պետք է խաղալ 90 րոպե, եւ մինչեւ վերջին վայրկյանը պետք է լինի խաղային կարգապահություն: Ռումինիայի դեմ խաղում թույլ տված սխալներից սովորել էինք: Ֆուտբոլում պետք է սովորել սխալների վրա, որպեսզի հաջորդ հանդիպումն ավելի լավը լինի: Այստեղ էինք եկել պաշտպանողական ֆուտբոլ խաղալու համար: Արաս Օզբիլիսը կորցրեց 2 գոլային պահ, սակայն ոչ ոք մեղավոր չէ: Մենք արեցինք հնարավոր ամեն բան»:

Լեւոն Հայրապետյան. «Երեւի, այսօր բախտը պակասեց: Մի քանի դրվագներում սխալվեցինք, բայց եթե վերջում խփեինք գոլը, կարող էինք նաեւ հաղթել: Արաս Օզբիլիսն ունեցավ հիանալի շանս: Մրցավարության մասին կասեմ, որ կարծում եմ՝ Գաել Անդոնյանի երկրորդ դեղին քարտը սխալ էր: 2 անընդմեջ խախտումներից հետո դեղին քարտ ցույց չեն տալիս: Ամեն դեպքում, չի կարելի ասել, որ պարտվել ենք մրցավարի պատճառով: Կարող էինք հաղթել նաեւ 10 խաղացողներով, չեմ ասի, որ պարտությունը մրցավարի մեղքով էր: Խաղից հետո մարզիչը մեզ շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար՝ ասելով, որ շատ լավ խաղացինք եւ պետք է գլուխներս բարձր պահենք: Ռումինիայի դեմ հանդիպումից հետո մեզ մոտ խաղի բարելավում, իհարկե, նկատվեց: Բոլորս պայքարեցինք, իսկ կարմիր քարտը մեզ մի քիչ խանգարեց: Նկատեցինք մեր երկրպագուներին: Շատ շնորհակալ ենք, ապրեն, որ եկել են եւ մեր կողքին են: Պարզ է, որ հոգեբանական առումով հիմա շատ վատ է, քանի որ վերջին վայրկյանին գոլ բաց թողեցինք: Պետք է փորձենք առաջ նայել: Պետք է խաղանք մեր ակումբներում եւ պատրաստվենք հաջորդ խաղերին»:

Կարեն Մուրադյան. «Շատ բարդ հանդիպում էր մեզ համար, քանի որ դարձյալ մնացինք 10 խաղացողներով: Ի պատիվ տղաներին, լավ խաղ ցույց տվեցինք: Մի քիչ պակասեց: Շատ ափսոս էր: Ցավալի պարտություն է: Չեմ ցանկանում մեկնաբանել մրցավարի գործողությունները, սակայն ինձ թվում է, որ կարող էր չցուցադրել այդ կարմիր քարտը: Կարծում եմ՝ նա շտապեց: Խաղից հետո մարզիչը մեզ շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: Այսօր մեծ տարբերություն կար Ռումինիայի դեմ խաղի համեմատ: Ցուցադրեցինք ավելի կարգապահ ու հաջող խաղ»:

Դավիթ Մանոյան. «Վերջնամասում վնասվածք ստացա Բլաշչիկովսկու հետ բախման ժամանակ: Չեմ կարծում, որ լուրջ բան կա: Տղաներին շնորհակալ եմ նվիրվածության համար: Ի տարբերություն Ռումինիայի դեմ խաղի, այսօր այդ սխալները թույլ չտվեցինք: Բաց թողած գոլից հետո փորձում էինք ֆուտբոլ խաղալ ու առաջ գնալ: Այսօր սպասեցինք մեր շանսին եւ կարող էինք նաեւ հաղթել: Այսօր պակասեց միայն գոլը, եւ մի քիչ էլ բախտը: Սա ֆուտբոլ է եւ պետք է պայքարել մինչեւ վերջ: Մարտական ոգին շատ լավ պահպանվեց մինչեւ 90-րդ րոպեն: Հհարկե, շատ բարդ կլինի վերականգնվել այդ գոլից հետո: Ամեն դեպքում, պետք է առաջ նայել: 3 խաղ ենք խաղացել եւ պետք է չհանձնվենք ու շարունակենք այսպես: Եթե այսօր խաղադաշտում լիներ Հենրիխ Մխիթարյանը, մեր հակագրոհներն ավելի արդյունավետ կստացվեին: Կամ, եթե խաղար Արթուր Սարկիսովը, նրա արագության շնորհիվ ավելի հաջող խաղ կստացվեր: Բայց նրանք չկային այսօր, եւ բավարարվեցինք այսքանով»:

Հիշեցնենք, որ Վարշավայի «Ազգային» ստադիոնում կայացած խաղում լեհերը հաղթանակ կորզեցին ավելացված ժամանակի 5-րդ րոպեին՝ 2:1: 30-րդ րոպեից դաշտի տերերն ունեին թվային առավելություն: Դա Հայաստանի հավաքականի երրորդ անընդմեջ պարտությունն էր ընտրական փուլում:

Դավիթ Եղիազարյան՝ Վարշավայից

Լուսաբանման հովանավորն է Ucom-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով