17:51  +04,  11 հոկտեմբերի, 2016

Նարեկ Աբգարյան. Եվրոպական խաղերից հետո ապրածս հիասթափությունը կրկնվեց նաեւ Ռիո-2016-ից հետո

Բաքվի խաղերից հետո ապրածս հիասթափությունը կրկնվեց նաեւ Ռիո-2016-ից հետո, երբ անարդար ինձ դատեցին եւ ոչ ոք ոչինչ չարեց անարդարությունը կանխելու համար։ Այդ հիասթափությունն ինձ բերեց պրոֆեսիոնալ ռինգ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասաց Հայաստանի բազմակի չեմպիոն, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից Նարեկ Աբգարյանը։

Բռնցքամարտիկը սիրողականից տեղափոխվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտ եւ արդեն ունի պայմանագիր մոսկովյան «Fight for the Future» ակումբի հետ։ Օրերս Մոսկվայում Նարեկ Աբգարյանն անցկացրել է իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում եւ նոկաուտով հաղթանակ տարել։

Նարեկ, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ պրոֆեսիոնալ ռինգում նորամուտդ հաղթանակով նշելու կապակցությամբ։Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունդ մոսկովյան «Fight for the Future» ակումբի հետ, ո՞ւմ կողմից եղավ առաջարկը։

Շնորհակալություն։ Սա իմ մեկնարկն էր պրոֆեսիոնալ ռինգում եւ շատ ուրախ եմ, որ հաղթանակով՝ նոկաուտով, մեկնարկեցի։ Դեռեւս որեւէ վարկածի չեմ հավակնում, մենամարտս էլ վարկածի համար չէր, այլ զուտ նախնական մենամարտ էր՝ համապատասխան վարկանիշ հավաքելու համար։ Ես պետք է որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացնեմ, վարկանիշ ձեռք բերեմ, որ իրավունք ստանամ WBC վարկածի համար պայքարել։ 6-7 մենամարտ անցկացնելուց հետո միայն կարող եմ պայքարել WBC վարկածով չեմպիոնական գոտու համար։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի միջամտությամբ եղավ համագործակցությունը մոսկովյան «Fight for the Future»ակումբի հետ։ Ակումբի սեփականատերը Արթուր Գեւորգյանի ընկերն է, նա կապ հաստատեց Արամ Դավթյանի հետ, ասաց իմ մասին,  միջնորդությամբ Արամ Դավթյանը եկավ Հայաստան, մենք հանդիպեցինք եւ ձեռք բերեցինք ընդհանուր պայմանավորվածություն։ Արամ Դավթյանը դարձավ իմ պրոմոութերը։ Առաջին մենամարտս մի փոքր շուտ ստացվեց, Արամ Դավթյանն առաջարկեց, ես էլ համաձայնեցի, քանի որ այժմ պատրաստ էի ռինգ դուրս գալու։ Որոշ ժամանակ մարզվեցի Հայաստանում, ապա մեկնեցի Մոսկվա, վերջին շաբաթներն այնտեղ անցկացրեցի մարզումներս։

Որքա՞ն ժամանակով ես կնքել պայմագիր «Fight for the Future» ակումբի հետ։

Դեռեւս հստակ ժամանակաշրջան նշված չէ։ Առայժմ նախնական պայմանավովածություն կա, որ մի քանի մենամարտեր պետք է անցկացնեմ։ Հետո նոր կոնկրետ տարով կամ տարիներով պայմանագիր կկնքվի։ Հաջորդ մենամարտս սպասվում է դեկտեմբերին։ Ըստ նախնական տվյալների, լինելու է Իսպանիայում։ Դեռ վերջնական որոշված չէ։ Ի դեպ, ինձ հետ այս ակումբի հետ է աշխատելու նաեւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը։ Մենք միասին ենք եկել Մոսկվա, նա ներկա էր իմ առաջին մենակարտին։ Այստեղ ինձ հետ է որպես մարզիչ, սպարինգ-մրցակից եւ ընկեր։

Նարեկ, առաջին փորձդ էրինչպե՞ս էիր քեզ զգում պրոֆեսիոնալ ռինգում։

Պրոֆեսիոնալ ու սիրողական բռնքամարտերը տարբերվում են իրարից, բայց նման են մի բանով՝ երկուսի դեպքում էլ պետք է բոքս անես։ Ուղղակի պետք է կարողանաս կռվել ռաունդների ընթացքում։ Ես անցկացրեցի 4 ռաունդ եւ դեռեւս այդքան չզգացի տարբերությունը սիրողականի հետ։ Գուցե հետագայում ավելի երկար ռաունդներով մենամարտեր անցկացնեմ եւ այդ ժամանակ զգամ տարբերությունը։ Առաջին փորձս շատ լավ ստացվեց, ինչ նախատեսել էի, ինչ տակտիկա նախագծել էի, այդ տակտիկայով մենամարտել եմ ու լավ է ստացվել։  Ես գոհ եմ իմ ցույց տված բռնցքամարտից, մասնավորապես, որ կարողացա նոկաուտի ենթարկել մրցակցիս։

Իսկ ի՞նչ կասես պրոֆեսիոնալ ռինգում առաջին մրցակցիդ մասին։

Առաջին մրցակիս ուզբեկ Խումայուն Ռուստամովն էր, ում ընտրել էր Արամ Դավթյանը։ Անցկացրեցի 6 ռաունդանոց մենամարտ։ 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի նրան։ Պինդ տղա էր, ուժեղ էր, ֆիզիկապես լավ պատրաստված էր։ Բայց տեխնիկապես եւ տակտիկայով զիջում էր ինձ։

Հայաստանի հավաքականում հանդես էիր գալիս 52 կգ քաշային կարգում։ Պրոֆեսիոնալ ռինգում  ո՞ր քաշային կարգում ես հանդես գալու։

Այս մենամարտում մասնակցում էի մինչեւ 55 կգ քաշայինների պայքարին, բայց հետագայում  նախատեսում եմ ավելի թեթեւ քաշում հանդես գալ։

Հավաքականից լիարժեք դուրս ես եկե՞լ։

Ըստ օրենքի, ես իրավունք ունեմ դեռեւս հանդես գալ նաեւ սիրողական բռնցքամարտում, մինչեւ 15 պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնելս։ Այսինքն՝ եթե ցանկություն ունենամ հանդես գալ նաեւ սիրողականի մրցաշարերում, այդ խնդիրը չունեմ։ Առջեւում Հայաստանի առաջնությունն է, որին չեմ մասնակցի։ Բայց եթե հավաքականն իմ կարիքն ունենա մրցաշարերում, եթե ուզենան, ես սիրով կմասնակցեմ։

Իսկ Կարեն Աղամալյանն ինչպե՞ս ընդունեց սիրողական բռնցքամարտը լքելու որոշումդ։

Կարեն Աղամալյանը միշտ ինձ հետ է եղել։ Ինչ որոշում էլ կայացնեի, նա ինձ հետ էր լինելու։ Նա ինձ բազմիցս ասել է՝ եթե որոշես գնաս, մենք իրար հետ ենք, եթե որոշես մնաս, կրկին միասին ենք։ Բայց նաեւ ասաց, որ լավ կլիներ՝ մնայի․ մասնակցեի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին։

Նարեկ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշեցիր հեռանալ սիրողական բռնցքամարտից։ Ռիո-2016-ն իր դերն ունի՞ քո որոշման մեջ։

Այո։ Որոշումս կայացրեցի Խաղերից հետո։ Նախքան Ռիո-2016-ը, այսքան հստակ որոշում չէի կայացրել, որ վերջին մրցումներս են լինելու Ռիո-2016-ում՝ սիրողականում։ Նույնիսկ որոշել էի, որ դեռ շարունակելու եմ Օլիմպիական խաղերից հետո պայքարել մեդալների համար սիրողական բռնցքամարտում։ Բայց այնպես ստացվեց, որ առաջարկը եղավ, եւ ես համաձայնեցի՝ առանց վարանելու։

Հիասթափություն կա՞ր Ռիո-2016-ից հետո։

Հիասթափություն կար միանշանակ։ Այս նույն վիճակն ինձ մոտ եղել է նաեւ Եվրոպական խաղերից հետո։ Բաքվում, երբ մենամարտս ակնհայտ անարդար դատեցին, հաղթանակս ձեռքիցս խլեցին, ճիշտ չդատեցին ու ոչ ոք ոչինչ չարեց․․․ Դա իմ առաջին մեծ հիասթափությունն էր․ խոսքս ինձ համար ամենակարեւոր ու մեծ մրցումների մասին է։  Երկրորդ մեծ հիասթափությունս Օլիմպիական խաղերն էին, որ նորից անարդար դատեցին ու կրկին ոչ ոք ոչինչ չարեց։

Ի՞նչ նկատի ունես ասելով՝ ոչ ոք ոչինչ չարեց։

Այսինքն՝ եթե կարող էր ինչ-որ բան արվել, ու չարվեց, որ կարող էին ինչ-որ մի կերպ խանգարել, որ անարդար չդատեին, ու ոչինչ չարվեց, չմիջամտվեց։ Թե ինչպես դա պետք է անեին, չեմ կարող ասել, բայց ղեկավարությունից ոչ ոք ոչինչ չնախաձեռնեց։ Այսինքն՝ դու՝ մարզիկդ, այդքան մարզվել ես, տանջվել ես, գիշեր-ցերեկ քաշ ես պահել, եկել, հասել ես Օլիմպիական խաղեր, քո մենամարտը ճիշտ չեն դատում, դե լավ․․․ճիշտ չեն դատում, հաջողություն քեզ․․․

Իսկ դա ո՞ւմ խնդիրն էր՝ ֆեդերացիայի՞, ՀԱՕԿ-ի՞, սպորտային ղեկավարությա՞ն։

Ես չգիտեմ, դա ում խնդիրն է, ամեն դեպքում մեզ հետ Օլիմպիական խաղեր ֆեդերացիան չէր եկել, մեզ հետ Օլիմպիական կոմիտեն էր եկել։ Ես այդ վերաբերմունքից իսկապես հիասթափվեցի, որովհետեւ չի կարելի մարզիկին հասցնել ինչ-որ կետի եւ թույլ տալ, որ անարդար մրցավարության պատճառով մարզիկը կորցնի մեդալը, հիասթափություն ապրի։ Ինչ-որ մեկը պետք է պատասխանատու լինի, որ անարդարություն չլինի, թույլ չտան։ Պրոֆեսիոնալ ռինգում էլ կան անարդարություններ, բայց քո պրոմոութերը պատասխանատու է քեզ համար եւ ամեն ինչ անում է, որ քեզ արդար դատեն։ Ռիոյում ոչ մենամարտիս ընթացքում, ոչ դրանից հետո եւ ոչ էլ ավելի հետո ոչ ոք ոչինչ չարեց, չասաց, չքննադատեց, չբողոքեց։ Ես կուզեի մնալ, շարունակել պայքարս Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, բայց այլեւս ուժ չկա այդքան մարզվելու, տքնաջան աշխատելու, չարչարվելու, որ գնամ ու անարդար ձեւով իմ ձեռքից խլեն հաղթանակներս ու դրա հետ մեկտեղ, գիտակցել, որ միեւնույն է, ոչ ոք չի խոչընդոտելու անարդար մրցավարությանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ