20:07  ,  10 հոկտեմբերի, 2016

Վարուժան Սուքիասյան. Գիտենք Լեհաստանի ուժեղ եւ թույլ կողմերը, նրանք ֆավորիտ են

Վարշավա ժամանած Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը լեհերի հետ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին, Վարշավայից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Ծանր պարտությունից հետո հնարավո՞ր է կարճ ժամանակահատվածում վերակագնել թիմի մարտական ոգին: Մխիթարյանի բացակայությունն ինչպե՞ս է անդրադառնում:

Հավաքականն այսօր ունի լուրջ կադրային խնդիրներ: Բնական է, որ Մխիթարյանի անունը շեշտում եք, բայց ֆուտբոլը թիմային խաղ է: Պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Ոչ ոք չէր սպասում, որ Ռումինիայի դեմ խաղից առաջ կունենանք վնասվածք, եւ կարմիր քարտ կստանանք սկզբնամասում: Նույնիսկ նրանց մարզիչը չէր սպասում դա:

Ի՞նչ գնահատական կտաք Լեհաստանի հավաքականին:

Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցին: Գիտենք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը: Նրանք ֆավորիտ են: Քաջ ծանոթ ենք եւ գիտենք, որ ուժեղ թիմի հետ ենք խաղալու:

Ռումինիայի դեմ խաղից առաջ նշել էիք, թե կա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին եւ իր հետեւից տանել թիմը, սակայն այդպիսի խաղացող չտեսանք: Ո՞ւմ մասին էր խոսքը:

Գիտեք, մենք դա ասում ենք ոչ թե՝ ինչ-որ մեկը կարող էր նրա դերը կատարել, պարզապես, մարտավարությունից ելնելով, նրա դիրքը փոխվեց եւ որոշ բարդություններ ունեցանք: Կարմիր քարտից հետո խաղը կոտրվեց, եւ ֆուտբոլիստները չկարողացան վերականգնվել հոգեբանորեն: Այդ ֆուտբոլիստի դիրքը պարզապես փոխվեց: Այսքանն այդ մասին:

Լեհաստանի հավաքականի մասնակցությամբ ո՞ր խաղերն եք վերլուծել՝ պատրաստվելով այս հանդիպմանը: Այս խմբում կա՞ մի թիմ, որի պես կցանկանայիք խաղալ:

Լեհերի մասնակցությամբ դիտել եմ Եվրո-2016-ի Լեհաստան - Պորտուգալիա խաղը: Ծանոթ եմ մրցակցին, մնում է, որ իմ խաղացողները կարողանան կատարել առաջադրանքները: Մարզիչն ընտրում է մարտավարությունը՝ ելնելով իր խաղացողներից: Մեզ մոտ կադրային լուրջ խնդիրներ կան: Բնական է, որ եթե ունենաս ուժեղ ֆուտբոլիստներ, կարող ես նրանց մոտեցնել քո մարտավարությանը:

Ո՞ր թիմն է խմբի ֆավորիտը:

Առաջինը կասեմ եռյակի մասին: Ֆավորիտներն են Լեհաստանը, Դանիան եւ Ռումինիան: Իհարկե, ռումինացիներին մենք պարտվեցինք խոշոր հաշվով, բայց առաջին ֆավորիտներն են Լեհաստանը եւ Դանիան: Լեհաստանը շատ բարդ խաղաց դանիացիների դեմ, որի հետ պատասխան խաղը եւս դժվար է լինելու: Ֆավորիտներին կարելի է միացնել նաեւ Չեռնոգորիային:

Ինչպե՞ս որոշեցիք Ռուսլան Կորյանին վերադարձնել հավաքական:

Ինչպես տեսնում եք, որոշ հարցերին փակ եմ պատասխանում: Նրան հրավիրեցի որոշ հանգամանքներով:

Դարձյալ վերադառնալո՞ւ եք 5 պաշտպաններով սխեմային:

Սպասենք մինչեւ վաղը եւ կտեսնենք:

Երեւում է, որ ծանր սրտով եք եկել Լեհաստան: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր պատրաստվածությունը: Հուզվա՞ծ եք:

Հուզվածությունը վերջանում է: Պարզապես պետք է տեսնել, թե ինչպես տղաները կաշխատեն դաշտում:

Եթե վաղվա խաղում պարտվենք, կարելի՞ է ընտրական փուլը ձախողված համարել, թե՞ դեռ հնարավոր է շտկել իրավիճակը, եթե բոլոր խաղացողներն առողջ լինեն:

Եկեք լավատես լինենք: Հիշում եք, որ ԱՄՆ-ում լավ խաղեր խաղացինք, քանի որ բոլորը մեզ հետ էին: Վաղվա խաղից հետո շատ բան կփոխվի: Մի մոռացեք, որ առաջին երեք խաղերը շատ բարդ էին եւ մրցեցինք առաջին եռյակի թիմերի հետ:

Ընտրական փուլից առաջ ձեր՝ որպես մարզիչի, առջեւ ի՞նչ խնդիր էր դրված:

Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք ու լավ խաղ: Դա մեր ֆուտբոլասերի, ժողովրդի պահանջն է: Սակայն վիճակահանությունն ու մարզական բախտը մեր կողմից չէր: Պետք է լավ խաղ ցուցադրենք:

Ասել էիք, որ նախկինում Յուրա Մովսիսյանին հրավիրել եք հավաքական: Փորձե՞լ եք դարձյալ հրավիրել նրան:

Մենք միջնորդի միջոցով պայմանավորվել էինք, որ պետք է հանդիպենք, սակայն հանդիպում տեղի չունեցավ: Դրանից հետո նրա հետ չեմ զրուցել:

Դավիթ Եղիազարյան՝ Վարշավայից

Լուսաբանման հովանավորն է Ucom-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով