Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում ռումինացիներից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո հետխաղյա ասուլիսում լրագրողներին մեղադրեց հայ ֆուտբոլիստների վնասվածքների համար: Ասուլիսի ընթացքում մարզիչը հաճախ բանավեճի էր մտնում լրագրողների հետ՝ նրանց դիմելով «դու»-ով: Իսկ, թե ինչպես պետք է թիմին դուրս բերել այս բարդ իրավիճակից, Սուքիասյանը հաճախ տալիս էր «տեսնենք» պատասխանը:
«Երեւի, այդ վատ մթնոլորտը, որ տիրում է ձեր մեջ, այ դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»,- նշեց Վարուժան Սուքիասյանը, որի այդ հայտարարությանը լրագրողները պատասխանեցին ծափահարություններով:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Ռումինիայի հավաքականը հաղթեց 5:0 հաշվով: Ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի հեռացման պատճառով դաշտի տերերը երրորդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Վարշավայում ընտրական հանդիպում կանցկացնի լեհերի հետ:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում