21:50  ,  8 հոկտեմբերի, 2016

ԱԱ-2018. Կարմիր քարտը կործանեց Հայաստանի հավաքականին (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ պարտությունը կրեց 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած երկրորդ տուրի խաղում Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմն առանց Հենրիխ Մխիթարյանի ընդունեց ռումինացիներին եւ պարտվեց 0:5 հաշվով:

Հանդիպման մեկնարկը չափազանց անհաջող ստացվեց դաշտի տերերի համար: Արդեն երրորդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, իսկ ուկրաինական «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը սեփական դարպասի մոտ ձեռքով խաղի համար հեռացվեց խաղադաշտից: 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Նիկոլաե Ստանչուն: Հայաստանի թիմի ֆուտբոլիստները դեռ ուշքի չէին եկել տեղի ունեցածից, երբ գնդակը եւս երկու անգամ հայտնվեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասում: 0:3՝ 12-րդ րոպեին, 10 խաղացողներով մնացած Հայաստանի հավաքական: Հայկական թիմի անհաջողությունները դեռ սկսել էին խաղից առաջ, երբ նախավարժանքի ժամանակ վնասվածք էր ստացել Լվովի «Կարպատների» հարձակվող Գեղամ Կադիմյանը, որին մեկնարկային կազմում փոխարինել էր Երեւանի «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը: 3 գոլերից հետո ռումինացիներն այլեւս չէին շտապում եւ հանգիստ վերահսկում էին գնդակը, իսկ դաշտի տերերի գրոհների փորձերը հուսադրող չէին:

Առաջին խաղակեսում տրիբունաներից լսվում էին «Յուրա Մովսիսյան», «Սուքիասյան, հեռացիր» եւ «Վարդան Մինասյան» վանկարկումեր: 29-րդ րոպեին գնդակը նաեւ չորրորդ անգամ հայտնվեց դաշտի տերերի դարպասում: Աչքի ընկավ Բոգդան Ստանկուն՝ օգտվելով հայկական թիմի պաշտպանների «մեծահոգությունից»: Չորրորդ գոլից հետո Վարուժան Սուքիասյանը 33-րդ րոպեին Վարդան Պողոսյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց «Ալաշկերտի» հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանին: Ռումինացիները շարունակում էին վերահսկել գնդակը՝ գրեթե չհանդիպելով պրեսինգի: Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականի անհաջողությունները շարունակվեցին: 39-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղը շարունակել չկարողացավ ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը: Խաղակեսի վերջնամասում տանտերերը կարող էին կրճատել հաշիվը, սակայն Արաս Օզբիլիսի կատարած 2 հարվածներից հետո ռումինացիների դարպասապահ Չիպրիան Տատարուշանուն հյուրերին փրկեց գոլից: Թիմերն ընդմիջման գնացին 0:4 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը նման էր առաջինին: Գոլային պահերը շատ չէին, իսկ Հայաստանի հավաքականը ոչինչ չէր առաջարկում մրցակցին: 59-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպանությունը դարձյալ «քանդվեց», իսկ հյուրերը խփեցին 5-րդ գոլը: 5:0 հաշիվը պահպանվեց մինչեւ խաղի ավարտը եւ Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց չափազանց չհուսադրող ու դժգույն խաղով:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին՝ Վարշավայում մրցելով լեհերի հետ:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Ռումինիա՝ 0:5

Բոգդան Ստանկու, 4 (11մ), Ադրիան Պոպա, 10, Ռազվան Մարին, 12, Նիկոլաե Ստանչու, 29, Ալեքսանդրու Չիպրիցու, 59

Հեռացում՝ Գոռ Մալաքյան (Հայաստան), 3 

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան (Տարոն Ոսկանյան, 39), Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Արաս Օզբիլիս (Կամո Հովհաննիսյան, 64), Դավիթ Մանոյան, Մարկոս Պիզելի, Վարդան Պողոսյան (Կարեն Մուրադյան, 33):

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով