22:47  ,  6 հոկտեմբերի, 2016

«Ուրարտուի» մարզիչ. Չհասկացանք՝ ինչու մեր 3 լավագույն խաղացողներին զրկեցին խաղալու իրավունքից

Չհասկացանք՝  ինչ պատճառաբանությամբ Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին եւ Վիկտոր Հովսեփյանին զրկեցին խաղին մասնակցելու իրավունքից, հակառակ դեպքում հաղթանակը մերը կլիներ: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից այս պարտության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի տղամարդկանց Երեւանի «Ուրարտու» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը՝ մեկնաբանելով թիմի պարտությունը ռուսական «Ռյազան» թիմի հետ խաղում:

Երեւանի «Ուրարտուն» առաջին հանդիպումն անցկացրեց բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի կանոնավոր առաջնությունում՝ Երեւանի «Դինամո» մարզապալատում ընդունելով ռուսական «Ռյազանին»: Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց 89:93 հաշվով:

«Կուզենայի ներողություն խնդրել երկրպագուներից պարտության համար: Այս խաղը պետք է հաղթեինք՝ ինչ էլ որ լիներ: Բայց հենց խաղի մեկնարկից երկու րոպե առաջ թիմի երեք լավագույն խաղացողներ Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին եւ Վիկտոր Հովսեփյանին թույլ չտվեցին թիմի կազմ ընդգրկվել: Երեք մեր լավագույն բասկետբոլիստներին խաղից հանելը շատ ազդեց մեկնարկի ու լրիվ խաղի վրա: Առավելություն ունեինք, բայց հոգնածությունը խանգարեց մինչեւ վերջին քառորդը պահպանել այդ առավելությունը: Հոգնածությունն այնքանով ազդեց խաղի արդյունքի վրա, որ փոխարինման դուրս եկող բասկետբոլիստները ոչ այդքան բարձր որակներ ունեցող խաղացողներ էին եւ չէին կարողանում լիարժեք մտնել խաղի մեջ:

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչն էր պատճառը, որ մեր երեք խաղացողներին թույլ չտվեցին խաղալ: Բայց այդ որոշումը եղել է ռուսական կողմից: Մրցակիցը ամեն երկու րոպեն մեկ խաղացող էր փոխում, իսկ ես խաղացող չունեի, որ փոխեի: Տղաները պայքարեցին մինչեւ վերջ: «Ռյազանը» միանշանակ ուժեղ թիմ է, բայց մեր տղաներն էլ լավ խաղ ցույց տվեցին եւ լարված պահեցին խաղը մինչեւ վերջին վայրկյանները: Հաղթելու ցանկությունը մեծ էր, բայց երբ թիմի երկու կարեւոր կետերի՝ խաղարկողի եւ կենտրոնականի խաղացողները դուրս են մնում թիմից, դժվար է լինում արդեն խաղը գտնել: Որքան էլ ցանկությունը մեծ լինի, այդ երկու կետերի խաղացողների պարագայում այլ կլիներ, այլ կերպ կզգային բասկետբոլիստները խաղը: Տղաները հոգեբանորեն կարծում եմ կոտրվեցին հենց մեկնարկից. երբ լիարժեք պատրաստվում ես խաղին, գալիս ես, ուրիշ բան է ստացվում: Առջեւում «Սամարայի» դեմ խաղն է եւ մեզ ասել են, որ բասկետբոլիստների հետ խնդիր այլեւս չի լինի եւ այսօրվա բացակաները կխաղան»,- ասաց Տիգրան Գյոկչյանը:

«Ուրարտու» թիմի գործադիր տնօրեն Արա Պողոսյանը խաղի վերջում զայրացած հեռացավ մարզադահլիճից՝ հրաժարվելով մեկնաբանել երեք բասկետբոլիսների բացակայությունը եւ ռուսների ցանկությամբ հայ մարզիկներին խաղից երկու րոպե առաջ հանելը: Նրա խոսքով, անհասկանալի միջադեպ տեղի ունեցավ, անհասկանալի մեկնաբանություններ հնչեցին, ակումբը հանգամանքները պարզելուց հետո միայն պաշտոնական հաղորդագրությամբ կհայտնի պատճառը: Արա Պողոսյանը միայն նշեց, որ «Ուրարտու» թիմը հրաշալի խաղաց:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով