23:39  ,  19 օգոստոսի, 2016

Ռիո-2016. ՌԸՖ-ի նախագահ Մամիաշվիլին հարվածել է բրոնզե մեդալ չնվաճած ռուս մարզուհուն

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հարվածել է կանանց Ռուսաստանի հավաքականի մարզուհի Իննա Տրաժուկովային, որը Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարում 3:6 հաշվով պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Միխալիկին:

«Ամեն ինչ տեղի ունեցավ երրորդ տեղի համար իմ գոտեմարտից հետո: Մարզումային դահլիճում ինձ մոտեցավ Մամիաշվիլին եւ հարվածեց դեմքիս: Առաջին անգամ նա թեթեւ հարվածեց, երկրորդ անգամ՝ ուժեղ: Դրանից հետո մեր մարզիչներ Իրբեկ Ֆարնիեւն ու Զաուր Բոտաեւը շատ արագ նրան մի կողմ տարան: Շատ ցավալի է: Չէի ցանկանա, որ դա տեղի ունենար եւս մեկի հետ: Ես դատի կտամ Մամիաշվիլիին»,- պատմել է  Իննա Տրաժուկովան Sport-express-ին:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը հայտարարել է, որ չի հավատում այդ լուրերին, սակայն եթե պաշտոնական տեղեկություն լինի, հարցը կքննարկվի:

Ավելի ուշ Մամիաշվիլին հայտարարել է, որ կարող է ներողություն խնդրել մարզուհուց ամեն ինչի համար, սակայն չի հաստատել, որ հարվածել է նրան:

«Շատ կոշտ ու բարդ զրույց ունեցանք Տրաժուկովայի հետ: Բայց ավելի լավ կլիներ՝ նա մեկնաբաներ, թե ինչպես անտաղանդ ու առանց կամքի պարտություն կրեց: Տուրիստական ուղեւորության համար շնորհակալություն չեմ հայտնում»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է tass.ru-ն:

Օգոստոսի 18-ին էլ Մամիաշվիլին հայտարարել էր, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչներում պարտություն կրած եւ արծաթե մեդալներ նվաճած ռուսաստանցիներ Նատալյա Վորոբյովան եւ Վալերիա Կոբլովան «ոչնչություն» են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում